Поиск

Համընդհանուր արհավիրքը համախմբում է գիտակիցներին, պետք է կուլ չգնալ իշխանության մանր ինտրիգներին



Վերջին օրերին վարչապետի հրաժարականի պահանջի պակաս չունեինք: Շատերը շտապեցին հիշեցնել, թե սա հենց իրենց կանխատեսած «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևն է կյանքի կոչվում։ Այս բանաձևի հետ ձևի առումով գուցե կարելի է համաձայնվել, բայց ոչ բովանդակային առումով։ Կարելի է կարծել՝ բոլորը եկել են կոնսենսուսի, իսկ Փաշինյանը մի տեսակ համաձայն չէ դրա հետ ու չի միացել։ Խոսքն այն մասին է, որ բոլորը եկել են համաձայնության ընդդեմ Փաշինյանի, ոչ թե առանց Փաշինյանի: Փաշինյանի դեմ միայն քաղաքական ուժերն ու հանրային առանցքային դեմքե՞րն են համախմբվել։ Իրականում, բոլորը դարձել են բնական դաշնակից ընդդեմ Փաշինյանի, եթե անգամ իրար հետ չհամագործակցեն։


Առանց չափազանցության կարելի է ասել, որ ողջ երկիրն ընդհանրապես ու հանրության բոլոր շերտերն առանձին-առանձին են հանգել կոնսենսուսի՝ ընդդեմ Փաշինյանի։ Ժողովուրդը, որ Փաշինյանին ու նրա թիմին իշխանության բերեց, հետագայում իր հասցեին ինչ ասես, որ չլսեց, ու, մնալով ձեռնունայն, հեղափոխության միայն վնասներն իր մաշկի վրա զգալով, իսկ օգուտներից ոչինչ չստանալով, դեմ դուրս չեկա՞վ վարչապետին։

Լրագրողական համքարության մի մասն ամենաակտիվ ձևով պայքարում էր ու աջակցում Փաշինյանի պայքարին, անթաքույց հպարտանում, որ իրենց գործընկերը երկիր է ղեկավարում. ինչքա՞ն անցավ, որ այդ աջակիցներին իր դեմ հանեց Փաշինյանը։


Մտավորականները, գիտնականները, որ մեծ հույսեր էին կապել հեղափոխության հետ՝ կարծելով, որ նոր հորիզոններ կբացվեն ստեղծագործ մտքի համար, վարչապետի կողմից չհայտարարվեցի՞ն «պարապ-սարապ գործի տեղը սուրճ խմողներ», արդյունքում որոշ ժամանակ անց դուրս չեկա՞ն Փաշինյանի դեմ։ Վարչապետի ամենավստահելի գործընկերները, որ թևերը քշտած հեղափոխական կարգուկանոն էին հաստատում ու հպարտանում դրանով, չդարձա՞ն «քավության նոխազ», հիմա էլ պայքարում են չէ՞ Փաշինյանի անօրինականությունների դեմ։

Հնչում են տեսակետներ, թե՝ ի՞նչ ծրագրով եք ուզում գալ իշխանության, եթե Փաշինյանին մեղադրում եք, որ երկիրը զարգացման տանելու ծրագիր չունի։ Իրականում ծրագիր մինիմումը՝ ազատվել չարիքից, ու նոր հաջորդ քայլով ներկայացնել երկրի զարգացման ծրագիր ու արդյունքում նաև թիմ, որն ունակ է այն կյանքի կոչելու։ Երբ չարիքի դեմ են պայքարում, կարող են համախմբվել ծայրահեղ ձախից մինչև ծայրահեղ աջ ուժերը, քանի որ կյանքի են կոչում «ազգային փրկության» ծրագիր։ Իսկ վտանգը չեզոքացնելուց հետո նոր կարելի է հանրությանը ներկայացնել համապարփակ ծրագիր, ամեն մի քաղաքական ուժ իրենը, թող ժողովուրդն էլ ընտրի, թե ում է նախապատվություն տալիս՝ ընտրությունների միջոցով։ Իսկ եթե ի սկզբանե սկսես բանավեճը՝ երկիրը զարգացնելու ենք սոցիալիստական գաղափարների ներքո, թե՞ լիբերալ, արդեն կհակասես այն ծրագրին, ինչի համար, ինչ «դրոշի» ներքո համախմբվել եք։

Հրդեհ հանգցնելու համար գաղափարական ջրի խողովակ կամ դույլ պետք չէ, տունը հրկիզողին քշելու համար էլ՝ գաղափարական ցախավել։ Այդ կարգի բանավեճի մեջ փորձում են ներքաշել իշխանավորները, որ չկարողանան համաձայնության գալ ծրագրի շուրջ, ու նաև պաշտոնները մեջ-մեջ անելու հարցում կծագեն լուրջ տարաձայնություններ՝ հաշվի առնելով, որ ամբիցիաները թույլ չեն տա գալ համաձայնության։ Այսինքն՝ իշխանությունների հույսն այն չէ, որ իրենք կարող են այլևս լինել համախմբող ուժ, այլ այն, որ ընդդիմադիրների մոտ իշխանության գալու շահադիտական նպատակները գերակա կլինեն երկրի զարգացման նպատակներից։

Դարձյալ հիշենք, թե ինչպես էր Փաշինյանը վերջերս ակնարկում, թե՝ ամեն մեկը դիմացինի մասին դատում է սեփական փչացածության աստիճանից ելնելով, ու վարչապետն էլ կարծում է, որ իշխանությունն այնքան քաղցր բան է, որ իրար կոչնչացնեն, բայց մեկը մյուսին չի զիջի լիդերությունը։ Կնշանակի ընդդիմադիր դաշտում Փաշինյանի դեմ պայքարի արդյունքում, եթե չեն կարողանալու իրար մեջ համաձայնության գալ, ապա ոչինչ էլ չի ստացվի։ Այժմ Փաշինյանի դեմ պայքարում ստացվել է չէ՞, որ երեկվա քաղաքական հակառակորդներն այսօր համախմբվել են, տարաձայնություններն ու վիրավորանքները մի կողմ դրել, ուրեմն ունակ են նաև անել հաջորդ քայլը՝ համաձայնության գալ երկրի զարգացման ծրագրի շուրջ։ Բացի այդ, իշխանական անփորձների դեմ պայքարում են փորձառու քաղաքական ու հասարակական գործիչներ․ իրենց կյանքում մի բանի հասած, գործի մեջ հաջողություններ արձանագրած։ Նրանք արդեն հանրությանը ցույց են տվել իրենց հնարավորություններն ու կարողությունները, հիմա չէ, որ պետք է նախապես ծրագիր ներկայացնեն, նոր միայն ստանան Փաշինյանին գահընկեց անելու «թույլտվություն»։

Կարևորը կուլ չգնալ իշխանությունների մանր ինտրիգներին, թե՝ տեսեք, երեկ իրար մասին ինչեր էին ասում, իսկ այսօր համախմբվել են։ Այո՜, համընդհանուր արհավիրքը համախմբում է գիտակիցներին, պետք է առաջ գնալ, ոչ թե իշխանությունների թելադրած օրակարգով իրար «ուտել» ու անընդհատ ետ նայել։ Վռամ Սուքիասյան

©2020 Լուր ԱյսՕր.