Поиск

ԱԱԾ համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են. Գառնիկ Իսագուլյան.Pastinfo.am


«Ցավոք սրտի, Քյարամյանի՝ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակումը այլ տեղ չէր տանելու, քան նրան, ինչ հիմա կա ԱԱԾ համակարգում։ Թուրքական կողմի հետ հայոց պատմության առարկայական չափորոշիչների մշակման հարցում ԱԱԾ-ի հանցավոր լռությունն ու անտարբերությունն այլ կերպ չեմ կարող մեկնաբանել», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ակադեմիական հանրության կողմից ԱԱԾ-ին ուղղված մտահոգությունների թեմային։ Ավելի վաղ հաղորդել ենք, որ Հայոց պատմության առարկայական չափորոշիչների մշակման գործում հայ պատմաբաններն ահազանգել են թուրքական կողմի դերակատարության մասին։ Ավելին՝ նրանք հրավիրել են նաեւ ԱԱԾ-ի ուշադրությունը, սակայն պատշաճ արձագանքի չի արժանացել։

«Ես ինքս եթերով բազմաթիվ անգամներ դիմել եմ Ազգային Անվտանգության Ծառայությանը՝ հորդորելով, որ այդ հարցով զբաղվեն։

Պարզապես մարդկանց պատահական տեղից ճարում, բերում մտցնում են ազգային անվտանգության համակարգ։ Երեք ժամով տեղափոխում են քննչական ծառայություն, որտեղ գնդապետի կոչում շնորհելուց հետո տանում են ԱԱԾ տնօրեն կամ փոխտնօրեն են նշանակում։ Արդյունքում համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են, ընդ որում, հատուկ թիրախում են նրանք, ովքեր ռուսական բարձրագույն ակադեմիա են ավարտել։ Փոխարենը համակարգ են ընդունում դասալիքների ու անբարոյականների։

Բոլոր հին պրոֆեսիոնալներն այս դրությամբ կամ հեռացել են համակարգից, կամ այդ ճանապարհի վրա են։ Քյարամյանն ու Նիկոլ Փաշինյանը զբաղված են այդ համակարգը կազմաքանդելով։ Այսքանից հետո խոսում ենք այն մասին, որ ԱԱԾ-ի չի՞ արձագանքում չափորոշիչների հարցով բարձրացրած մտահոգություններին։ Ես հայտարարել էի, որ նույն Լիլիթ Մկրտչյանը տասը տարուց ավել թուրք սիրեկան ունի, այս մասին արդեն մամուլում մի քանի անգամ հնչեցվել է։ Այդ մարդիկ, բառի բուն իմաստով չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը։ Այս պարագայում, մասնավորապես Լիլիթ Մկրտչյանն՝ իր թուրք սիրեկանի ցուցումներով քանդում է հայկական ողջ կրթական համակարգը։ Երբ ես այս մասին հրապարակավ մամուլով հայտարարեցի, նրանք նույնիսկ չհերքեցին դա։ Մարդիկ Հայաստանում թուրքական ծրագիր են իրականացնում և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը աչքերն ու ականջները փակել և համրացել է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Գառնիկ Իսագուլյանը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո