Поиск

«Ադրբեջանը հերթական անգամ սեփական ժողովրդին որպես կենդանի վահան է օգտագործում». Կարեն Վրթանեսյան



«Ադրբեջանը հերթական անգամ սեփական ժողովրդին որպես կենդանի վահան է օգտագործում։ Սա նրանց գործելաոճում նորություն չէ, միշտ է այդպես եղել։ Եթե շատ հետ չգնանք, հիշենք ապրիլյան պատերազմի դեպքերը, ինչպես նաև 2017-ի հուլիսյան միջադեպը, երբ նրանց կողմից նույն սցենարը կիրառության մեջ դրվեց՝ ռազմական թիրախները շատ մոտ տեղադրով բնակավայրերին,- «Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում ասաց հայ-ադրբեջանական կոնֆլիկտի քարոզչական հարցերի մասնագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Ադրբեջանը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ՝ բնակավայրերում։ 

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական կողմի այս վարքագիծը, Կարեն Վրթանեսյանը դժվարանում է հստակ պատասխան տալ.

«Այս գործելաոճն այնպիսի մեծ մասշտաբներ է վերցրել, որ կդժվարանայի ասել, թե սա սադրանք կամ հրահրում է։ Ադրբեջանական սահմանամերձ գրեթե ամեն գյուղի մոտ այսպիսի մարտկոցներ են տեղադրված, ինչպես նաև՝ ինժեներական լուրջ կառույցներ կան։

Հավանաբար, սա նրանց մոտ հստակ սահմանված գործելաոճ է։ Ես կարծում եմ, որ այս հարցը հայկական կողմը պետք է բարձրացնի ոչ միայն սահմանային լարված իրավիճակներում, այլ նաև խաղաղ ժամանակ, ինչպես նաև, անպայման՝ բանակցային սեղանի շուրջ, ինչը շատ կարևոր քայլ կլինի մեր կողմից»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո