Поиск

Ադրբեջանի ԶՈՒ «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարքը խոցվել է ՕՍԱ-ԱԿՄ-ով. Արծրուն Հովհաննիսյան



Արցախում ԱԹՍ խոցելը որեւէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետեւ  Արցախի ուղղությամբ առանց դրա էլ ԱԹՍ-ներ պարբերաբար խոցվում են: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Բայց այնպես էլ չի, որ մարտական գործողությունները չեն տեղափոխվի Արցախի սահման: ԱԹՍ-ն ցուցիչ չի, բայց դա բացառել հնարավոր չէ:

Հակառակորդի գործողություններն անհրաժեշտ խորությամբ ու ծավալով տեսնում ենք: Այո, հակառակորդը սահմանին պահպանում է այնպիսի ներուժ, որով կարողանա  մեծ ծավալի սադրանքներ իրականացնել: Մենք դա տեսնում ենք: Եթե կփորձեն դիմել սադրանքի, կստանան արժանի հակահարված»,-ընդգծեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը հստակեցրեց, որ Ադրբեջանի Զինված ուժերի իսրայելական արտադրության «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարքը խոցվել է ՕՍԱ-ԱԿՄ-ով, որը մոդեռնիզացրել են մեր ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները: «Ընդհանրապես մեր ձեռնարկությունները շատ լավ յուրացրել են ՕՍԱ-ԱԿՄ-ի մոդեռնիզացիան, եւ ինչպես տեսնում ենք շատ արդյունավետ է աշխատում:

Անզեն աչքով էլ երեւում է, որ ամբողջ աշխարհի համար բավականին մեծ  գլխացավանք դարձած ԱԹՍ-ների դեմ հայկական զինված ուժերը շատ լավ պայքարում են»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ մեր կողմից կիրառված ԱԹՍ-ների արդյունքները բավականին բարձր են, ավելին ասել չի կարող: