Поиск

Ադրբեջանի սադրանքը նպատակաուղղված է արվում, որ հայկական կողմին ներկայացնեն որպես ագրեսոր.


Այն ագրեսիան, որը կուտակվում է ադրբեջանական հասարակության մեջ, արտահանվում է նաև դեպի այլ երկրներ, որտեղ բնակվում են ադրբեջանցիներ և կրում իրենց պետական քարոզչության հայատյաց քաղաքականության արդյունքները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նա նշեց, որ հայատյացության արդյունքը տեսնում ենք արդեն փողոցներում՝ հայերի հանդեպ վերաբերմունքով, այդ թվում նաև բռնության տեսքով։ Ադրբեջանագետը կարծում է՝ այդ սադրանքները նպատակաուղղված են արվում, պլանավորվում ու մշակվում են, որպեսզի հայկական կողմին ցույց տան որպես ագրեսոր և բացասական կերպար. «Դրսի ակցիաները վստահաբար ինքնաբուխ չեն եղել, կազմակերպել են դեսպանատների հետ համատեղ։ Դա բերել է արդեն բախումների, չեմ կարող ասել ինքնաբուխ կերպով, թե սադրված, բայց հետագա իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու պահից արդեն էական չէ՝ կազմակերպված է, թե ոչ։ Պետք է ուղղակի չտրվել այդ սադրանքներին ու հնարավորինս զգոն լինել և պատրաստ՝ պաշտպանվելու»,-ասաց Անժելա Էլիբեգովան։

Վերջինս կարծում է՝ մեր դեսպանատները և համայնքային կառույցներն այստեղ շատ անելիք ունեն, որպեսզի կարողանան ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը՝ անընդհատ կապի մեջ լինելով և՛ տեղի ոստիկանության, և՛ իշխանությունների հետ և իրականացնելով համատեղ աշխատանք։

Անժելա Էլիբեգովան աշխարհի տարբեր երկրներում հայատյացության այս մասշտաբի իրավիճակներ չի հիշում։ Վստահ չէ՝ ինչով է սա պայմանավորված, բայց նաև չբացառեց, որ գուցե Ադրբեջանի իշխանությունների նոր որդեգրած քաղաքականությունն է՝ դրսում պարբերաբար ինչ-որ սադրանքներ անել։

«Ադրբեջանից կարող ենք սպասել ագրեսիայի սրում և անընդհատ նման սադրանքներ և՛ առաջնագծում, և՛ քաղաքական, և՛ քարոզչական դաշտում։ Պետք է հնարավորինս չտրվել այդ սադրանքներին ու դիվանագիտական և քաղաքական ավելի ամուր դիրքերից ելույթ ունենալ։ Բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է, մնում է՝ դիվանագիտական կորպուսը նույնպես փայլուն աշխատի, որ Ադրբեջանը որևէ հնարավորություն չունենա այդ երկրներում նման գործողություններ ծավալել»,-ընդգծեց ադրբեջանագետը։

Նշենք, որ վերջին օրերին տարբեր երկրներում Ադրբեջանը պարբերաբար ոտնձգություններ է իրականացնում հայերի նկատմամբ։ Երեկ՝ հուլիսի 23-ին, ադրբեջանցիները հարձակվել են միայնակ հայերի վրա, ծեծել նրանց, հարձակվել նրանց մեքենաների վրա։ Մոսկվայում BMW մակնիշի մեքենայի վրա կատարված հարձակման հետևանքով տուժել է երկու հայ՝ մեկը դանակահարվել է, իսկ մյուսը ստացել է կոտրվածքներ։ Ավելի վաղ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ևս ադրբեջանցիները հարձակվել էին հայ աղջիկների և նրանց մեքենաների վրա։ Նկատենք, որ հուլիսի 23-ին հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան։ Ընդ որում՝ գերմանացի ոստիկանները դիտարկում են միտումնավոր հրկիզման վարկածը։

Աղբյուր` Փաստինֆո