
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվականների դեմ ուղղված նման հարձակումները։ Այս մասին նշված է նախաձեռնության էջում:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում պարգևավճարների հարցից հունից դուրս է եկել։ ԱԺ փոխխոսնակը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրագրողների հասցեին՝ կրկին մեղադրելով լրատվականներին ծրարով գումար ստանալու մեջ։
Սիմոնյանը մասնավորապես ասել է.« 580 մլն դրա՞մ ասացիք: Հայաստանի Հանրապետությունում լրագրողների համայնքում, եթե կարելի է դա լրագրողական համայնք համարել, շրջանառության մեջ են գտնվում մոտավորապես 700-800 մլն դրամի հասնող ֆինանսական ռեսուրսներ, որոնց ծագումնաբանությունը հայտնի չի:
ԱԺ-ն ունի գրեթե 700 աշխատակից: Ես աշխատակից ունեմ, որը ստանում է 90 հազար դրամ: Եվ եթե այն լրագրողը, որը որ ծրարով փող է ստանում, այն խմբագիրը, որը ծրարով փող է ստանում, իրեն թույլ է տալիս քննարկի իմ վարորդը կամ ես 100 հազար դրամ ավել ստացել եմ, թե չեմ ստացել՝ իմ պատասխանը միանշանակ է լինելու, շատ կոպիտ եմ լինելու, սկսելու եմ արդեն անուններ ու կոնկրետ փաստեր հնչեցնել: Այդ մարդիկ թեպետ այսօր այնպես չի, որ ազատ դուրս են գալիս փողոց, ազատ իրենց համար առանց որեւիցե գնահատականի ապրում են, ավելի շատ գնահատականներ կլինեն»:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվականների դեմ ուղղված նման հարձակումները։ Խոսքի ազատության դեմ անանուն և անհասցե հարձակումները խաթարւմ են իշխանություն֊լրատվություն֊հասարակություն կապը։ Անհասցե մեղադրանքները քանիցս կրկնվում են, որոնք որևէ հիմնավորում չունեն։