Поиск

Գեւորգ Ալեքսանյանն ու Սամվել Գեւորգյանն ամփոփել են աշխարհի գավաթի խաղարկությունը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Գեւորգ Ալեքսանյանն ու Սամվել Գեւորգյանն ամփոփել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 12-14-ը տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը: Հիշեցնենք, որ 9 մասնակցով աշխարհի գավաթին ներկայացած Հայաստանի թիմը ելույթներն ավարտեց 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով: Արծաթե մեդալ նվաճեց 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալ՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Թիմը վերադարձել է Հայաստան:

Գեւորգ Ալեքսանյան

«Մրցումներին շատ երկար սպասեցինք: Փորձեցինք լավագույնս մասնակցել: Նախապատրաստական փուլը մեր նախագծածով չի անցել: Ունեինք ծրագրած միջազգային մրցաշար եւ արտագնա ուսումնամարզական հավաք: Միջազգային մրցաշարին չմասնակցեցինք պատերազմական իրավիճակով պայմանավորված: Չկարողացանք կազմակերպել նաեւ արտագնա հավաքը: Շատ կարեւոր էր լինելու այդ հավաքը, քանի որ հիմնական նախապատրաստական փուլը պետք է լիներ աշխարհի գավաթի համար:

Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) մեզ չգոհացրեց Ռուդիկ Մկրտչյանը: Չգոհացրեց նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ): Մրցումային պրոցեսում Մելիքյանն իրենց չարդարացրեց:

Գեւորգ Ղարիբյանը (63 կգ), փոխել էր քաշային կարգը՝ 60 կգ-ից 63 կգ: Նախապատրաստական փուլում Եվրոպայի չեմպիոնը կորոնավիրուսով վարակվեց, վերջին հավաքին կարողացավ մասնակցել: Ղարիբյանը երկու գոտեմարտ անցկացրեց: Երկրորդ գոտեմարտում Ղրղզստանի ներկայացուցիչի հետ սխալ թույլ տվեց, ինչի պատճառով պարտվեց: Կորոնավիրուսից հետո լիարժեք չէր վերականգնվել, բայց մենք գոհ ենք Ղարիբյանի մասնակցությունից, կամային հատկություններ դրսեւորեց:

Սլավիկ Գալստյանից (67 կգ) ավելին էինք սպասում: Մասնակցեց իր հնարավորություններից ցածր: Պարտվեց մեկ գոտեմարտ, բայց բրոնզե մեդալի համար պայքարում շատ լավ մասնակցեց: Կամային հատկություններով դրսեւորեց իրեն: Ընդհանուր առմամբ՝ լավ մասնակցեց:

Մալխաս Ամոյանը (72 կգ) վերելքով անցկացրեց ամբողջ մրցաշարը: Բարդ մրցակիցներ ուներ: Մինչեւ եզրափակիչ հրաշալի գոտեմարտեր արեց: Երզափակիչում իրենից տարիքով մեծ մրցակցի հետ էր:Ամբողջ գոտեմարտի ընթացքում առավելությունն իրենն էր: Մի պահ երիտասարդությունը կամ շտապողականությունը խանգարեց, որ լիարժեք կատարի հնարքը: Մալխասն ինքն էր գոտեմարտի տերը, վերջին մեկ րոպեի ընթացքում ամեն ինչ արեց, որի համար մրցավարները պետք է պասիվություն տային մրցակցին, բայց մրցավարը չմիջամտեց: Պարտվեց 1:1 հաշվով:

Կարապետ Չալյանը (77 կգ) 5 գոտեմարտ անցկացրեց, ուժեղ մրցակիցների հանդիպեց: Կրկնակի օլիմպիական չեմպիոն Վլասովի հետ գոտեմարտը վերելքով անցկացրեց: Մրցավարական կողմնապահություն կար, պարտվեց: Սերբ ըմբիշի հետ գոտեմարտում արեց ամեն ինչ, որպեսզի հասնի հաղթանակի, բայց այստեղ էլ մրցավարական կողմնապահության շնորհիվ պարտվեց:Չալյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն է 77 կգ քաշային կարգում եւ պետք է ամեն ինչ անենք, որ Տոկիոյում հաղթահարենք նաեւ մրցավարությունը:

Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) լավ չմասնակցեց: Դժգոհ ենք: Հայաստանի չեմպիոնն է այս քաշային կարգում: Փորձի պակաս ունի: Կարող էր ավելի լավ հանդես գալ: Մեզ չի գոհացնում նրա աշխատանքը:

Արթուր Շահինյանից (87 կգ) ավելի լավ արդյունքն էինք ակնկալում: Հաղթած գոտեմարտը անփութության կամ գուցե շտապողականության շնորհիվ պարտվեց:

Արթուր Ալեքսանյանը (97 կգ) լիարժեք պատրաստ էր մրցաշարին: Մրցավայր մեկնեցինք լավ մարզավիճակում: Մեկնելիս զգացինք, որ ինքնազգացողությունը վատանում է: Կասկածում էինք կորոնավիրուս, բայց այստեղից մեկնելիս եւ այնտեղ թեստ էինք հանձնել: Արդեն քննարկում էինք նույնիսկ չմասնակցելու հարցը, բայց քանի որ հասել էինք այնտեղ եւ մրցակիցն էլ Եվլոեւն էր, որոշեցինք մասնակցել:

Եվլոեւի հետ գոտեմարտը վիճարկելի մրցավարությամբ ընթացավ: Մրցավարները այստեղ էլ միջամտեցին: Երբ առաջին պարտեր դրությունից հետո նորից պարտեր դրեցին, ամեն ինչ խառնվեց իրար, Արթուրի նյարդերը տեղի տվեցին: Գոտեմարտն ավարտվեց 2:5 հաշվով: Որոշեցինք, որ չշարունակի պայքարը, քանի որ իրեն լավ չէր զգում, չէր կարողանալու լիարժեք մասնակցել: Բժշկի թղթով ազատեցինք հետագա մասնակցությունից:

Հայաստան վերադառնալուն պես կրկին թետս ենք հանձնել, բացասական է պատասխանը: Մրցածություն էր նրա մոտ, այժմ ապաքինման փուլում է: Արթուրի գերնպատակը Օլիմպիական խաղերն է, երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը: Արթուրը Տոկիոյում պետք է իդեալական մարզավիճակում լինի:

Դավիթ Օվասապյանը (130 կգ) մեծերում դեռ անփորձ է: Այս մրցաշարում բոլորիս անակնկալի բերեց. չէինք սպասում այսպիսի մասնակցություն: Լավագույնս հանդես եկավ: Գիտեինք, որ պատրաստ է, բայց չէինք սպասում, որ այդքան լավ հանդես կգա: Պարտվեց ռուս ըմբիշին, որը ուժեղ էր բավական: Բրոնզե մեդալի համար պայքարում հաղթում էր մինչեւ վերջին 3 վայրկյանը: Այստեղ Դավիթի փորձի պակասը զգացվեց: Ուկրաինացին ավելի փորձառու էր եւ վերջին վայրկյանին հաղթանակ կորզեց Դավիթից:

Թիմային հաշվարկում 6-րդն ենք: Ընդհանուր պատկերում վատ արդյունք չէ: Մրցավարների միջամտությունը միտումնավորություն է: Բոլոր ժամանակներում մենք այդ խնդրին առնչվում ենք: Չենք ցանկանում կենտրոնանալ դրա վրա: Պետք է այնպես պատրաստ լինենք, որ հաղթենք նաեւ մրցավարներին: Բազմիցս եղել էն գոտեմարտեր, որ հաղթել ենք նաեւ մրցավարներին:

Օլիմպիական խաղերը կանցկացվի թե ոչ, չենք կարող կանխատեսել: Ինչ էլ լինի, մենք պետք է պատրաստ լինենք մասնակցել լավագույնս, մեր հնարավորություններից առավել: Պատերազմը բոլորիս վրա ազդել է: Նաեւ մարզիկների վրա է ազդել, որը զգացվեց մրցագորգում: Բարդ ու դժվար իրավիճակում ենք: Մարզիկներին ծանր հոգեվիճակում տարել ենք մրցաշարի: Պետք է ամեն ինչ անենք՝ մարզիկներին հոգեբանորեն հետ բերելու համար. նրանք դեռ առաջնագծում են: Եթե չստացվի, լավ չի լինի: Պետք է առաջ գնանք՝ հարգելով բոլոր զոհերի հիշատակը»: Սամվել Գեւորգյան

«Օվասապյանը շատ լավ արդյունքների կարող է հասնել: Այստեղ նրան օգնում է Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը: Խնդիրներ ունենք զույգերի հետ կապված: Արթուր Ալեքսանյանի, մյուս տղաների համար համար զույգեր պետք է ունենանք: Օրինակ՝ Արթուրն այստեղ չունի զույգ ում հետ կմարզվի: Չենք հուսահատվում, Արթուրը հզոր է, շուտ կապաքինվի եւ հաղթանակներով կվերադառնա մրցումային գորգ:

Պարտվող տղաներից մի քանիսը կորոնավիրուսով էին վարակվել. հիվանդությունն իր հետքը թողեց: Մրցավարական խնդիրները գրեթե անլուծելի են մեզ համար, քանի որ մենք միշտ խոսում ենք, բարձրաձայնում, բայց մեր տղաների պարագայում շարունակվում են կողմնապահությունները: Մրցավարական հարցերը եթե չլիներ, եւս 2-3 մեդալ կնվաճեինք: Պատերազմական իրավիճակում, կորոնավիրուսի պայմաններում թիմի մասնակցությունը լավ է, գոհացնող է:

Առաջիկայում Հայաստանի առաջնություն կանենք, նոր կազմ կձեւավորենք: Արտագնա հավաքների խնդիր ունենք: Պետք է կարողանանք դրսի հավաքականների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որպես տղաների զույգերի հարցերը լուծենք: Այժմ խնդիր է նաեւ ամեն քաշային կարգում մեկի ավելի մարզիկի նախապատրաստելը Օլիմպիական խաղերի համար, քանի որ չես կարող ասել՝ ամեն պահի ում մոտ կորոնավիրուս կհաստատվի»:

Լուսինե Շահբազյան


©2020 Լուր ԱյսՕր.