Поиск

Կարծում եմ՝ Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ հայացքը կարող է ուղղվել Երևանին, առավել ևս, որ Թրամփի հետ



Ջոզեֆ Բայդենի ընտրվելուց հետո քաղաքականությունը, Եվրասիայում, Ռուսաստանում մեծ ռեգիոնում, իհարկե, փոփոխություններ կկրի, և Միացյալ նահանգների իզոլացիոնիզմի քաղաքականությունը, որի կողմնակից էր Դոնալդ Թրամփը, կարծում եմ, կմնա անցյալում. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:


«Այն տարածաշրջանները, որտեղ նախկինում դեմոկրատների կառավարման ժամանակաշրջանում Միացյալ Նահանգներն ակտիվ ներգրավվածություն ուներ և ակտիվ գերքաղաքականություն էր վարում, ինչպես իր շահերի, այնպես էլ ռեգիոնալ ուժային դասավորվածության և վերահսկողության տեսանկյունից, Բայդենի ժամանակ կգործարկվի: Հաշվի առնելով անձնակազմի այն չինովնիկներին, ովքեր նշանակվել են հատկապես պետքարտուղարության գծով, կարող ենք արձանագրել, որ Եվրասիական տարածաշրջանում դեմոկրատիայի, մարդու իրավունքների թեզերի ներքո բավական ակտիվ գործակցություն կխորացվի և այդ առանցքները ենթադրում եմ, որ կլինեն ամերիկա-ուկրաինական, վրացական հարաբերությունները և Հարավային Կովկասը առհասարակ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ»,- ընդգծեց նա:

Հարցին, թե Ջոզեֆ Բայդենի նախագահությունը Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, քաղաքագետը նշեց, որ շոշափելիորեն թուլացել է Հայաստանի սուբյեկտայնությունը, որի ամենամեծ մեղավորը Հայաստանի գործող ղեկավարն ու իր թիմն են: «Հարավային Կովկասում ուժային վերաբաշխման այն պատկերը, որը տեղի ունեցավ արցախյան վերջին պատերազմից հետո, ամերիկյան շահերին չի համապատասխանում: Փաստացիորեն պրոցեսը տեղի ունեցավ անկայունության տարածման մեկնարկով՝ պատերազմով ռուս-թուրքական որոշակի համագործակցությամբ, ռուսները փորձեցին կայունություն ապահովվել, դա բնականաբար շահեկան չէ Միացյալ Նահանգների համար, և իզուր չէ, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն որոշակի հայտարարություններ արեցին արցախյան հարցի լուծման, Մինսկի խումբ տեղափոխման և շատ պրոցեսների անընդունելիության մասով»: Ըստ նրա՝ արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում ձևավորված իրավիճակում ռեգիոնում տարբեր երկրներ իրենց շահերը որոշակի սպասարկել են: Ադրբեջանը, Թուրքիան, բնականաբար, իրենց նպատակների առավելագույնն են, Ռուսաստանը որոշակի կայունություն է ապահովել, պայմանավորվածություններ է ձեռք բերել բոլոր կողմերի միջև, որպես մոդերատոր, և միակ երկիրը, որի շահերն ամենաքիչն են բավարարվել, Հայաստանն է: «Կարծում եմ՝ ամերիկյան հայացքը կարող է ուղղվել Երևանին, առավել ևս, որ Հայաստանի գործող ղեկավարությունը փորձում էր Թրամփի հետ հարաբերություններ ձևավորել, որն այդպես էլ չհաջողվեց: Պատերազմի ժամանակ անգամ փակ կապուղիների միջոցով փորձել են Թրամփի վարչակազմի որոշակի ֆիգուրների հետ որոշակի շփումներ, խորհրդակցություններ ապահովվել, որը նույնպես ձախողվել է: Հիմա դաշտը բացվել է և իզուր չէ, որ Բայդենի ադմինիստրացիայի որոշ չինովնիկներ արդեն հայտարարություններ են անում իրենց պետության արտաքին քաղաքականության փոխակերպման առումով և այդ պլանների ուղեծրով ուրվագծվում է հարավային Կովկասը, Եվրասիան և կարծում եմ Ռուսաստանը»,- ասաց Ղևոնդյանը:


Քաղաքագետը նշում է, որ Հայաստանի ներկա ղեկավարը դիվանագիտությունից և արտաքին քաղաքականությունից խորապես հեռու մարդ է, անգամ փակ քննարկումների ժամանակ իր մոտեցումներով որևէ կերպ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում մերձեցման պատուհանների ուղի չի հարթել:

Նրա համոզմամբ՝ Թրամփի վարչակարգի հետ շփումների ժամանակ հայկական կողմը ՀՀ ղեկավարը կոնցեպտուալ սխալներ է արել, հանդիպել է դեմոկրատների հետ, այն պարագայում, երբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում հանրապետականներ են և պետք էր հանրապետականների հետ խոսեր: Ըստ նրա՝ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Թրամփը գործարար էր և այդ բիզնես մտածողությունը՝ դու մեզ հե՞տ ես, թե՞ մեզ հետ չես, գործարկում էր նաև քաղաքականության մեջ, իսկ Հայաստանը չուներ այդ ռեսուրսը, որ այդպիսի կոշտ ընտրությունների մեջ տեղավորվեր: «Ի տարբերություն Թրամփի՝ Բայդենը կաշխատի այլ կերպ, նա փորձելու է դեմոկրատական փոփոխություններ անել, ինչու չէ նաև հեղափոխական տարրեր, օրակարգեր մտցնել ռեգիոնալ տարբեր երկրներ, որ որոշակի ժամանակ անց կտեսնենք, թե ինչ թեզերի ներքո են իրենց քաղաքականությունն իրացնելու և պետքարտուղարի տեղակալ Նուլանդի նշանակումն այդ ռազմավարության կարևոր էլեմենտներից մեկն է լինելու: Իզուր չէ պետքարտուղարի պաշտոնը ստանձնել պատրաստվող անձնավորությունն արդեն Ադրբեջանի հետ որոշակի հարաբերությունների անվտանգային հարաբերությունների վերաքննման թեզեր է արտաբերել, իսկ դա նշանակում է, որ ռեգիոնում Միացյալ Նահանգները վերադառնալու են և ակտիվ մրցակցություն է տեղի ունենալու»,- եզրափակեց խոսքը նա:

©2020 Լուր ԱյսՕր.