Поиск

Վարորդական իրավունքի վկայականի ձեռք բերման համար՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ



ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է կաշառք տալու, կաշառք տալուն դրդելու ու կաշառքի միջնորդության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի բաժնից։

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 18-ամյա երիտասարդը, 2020թ. վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մասնակցել է գործնական քննության եւ ստացել բացասական գնահատական: Վերջինս պատահական ծանոթացել է 49-ամյա համաքաղաքացու հետ, ում հայտնել է վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու իր ցանկության մասին` նշելով, որ պատրաստվում է կրկին մասնակցել գործնական քննության: Համաքաղաքացին  պատրաստակամություն է հայտնել օգնել երիտասարդին:

2020թ. մայիսի 21-ին Իջեւան քաղաքում 18-ամյա երիտասարդը մասնակցել է քննությանը եւ կրկին բացասական գնահատվել, որից հետո վերջինս պաշտոնատար անձին միջնորդի միջոցով կաշառք տալու դիտավորությամբ, 49-ամյա համաքաղաքացու դրդչությամբ վերջինիս տվել է գումար` ՀՀ ճանապարհային ոստիկանության քննական բաժանմունքի տեսուչին որպես կաշառք փոխանցելու եւ նրա կողմից քննության արդյունքը փոխելու եւ վարորդական իրավունքի վկայական տալու համար: 49-ամյա տղամարդը փորձել է գումարը տալ ոստիկանության տեսուչին, սակայն վերջինս  չի վերցրել առաջարկված գումարը եւ հրաժարվել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով երիտասարդի  օգտին որեւէ գործողություն կատարել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի (կաշառք տալուն դրդելու) 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ (կաշառքի միջնորդության փորձ) հոդվածի 1-ին մասով, իսկ 18-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ (կաշառք տալը) հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

©2020 Լուր ԱյսՕր.