
Հայաստանի կրթության համակարգում թավշյա իշխանությունների շրջանում իրականացվող փոփոխությունները ոչ միայն բարեփոխում համարելը աբսուրդ է, ծիծաղելի, այն, ինչ արվում է այսօր, այս ոլորտում, եթե անմեղսունակների գործ չէ, ապա՝ հեռահար չար նպատակներ հետապնդող է:
Այլ կերպ դժվար է բնորոշել այն սոդոմ-գոմորը, որ այսօր ստեղծել են այս բնագավառի պատասխանատուները՝ ընդունելության քննությունների համատեքստում: Ի դեպ, այսօրվա նման իրավիճակ ունեցել ենք մեկ էլ 1989-ին, երբ ըստ էության, Հայաստանում երկիշխանություն էր, հինգ րոպե պակաս՝ ԽՍՀՄ փլուզումից: Այդ ժամանակ բարձր գնահատականներով դիմորդները դուրս էին մնում բուհից և միայն օրեր տևած բողոքի նստացույցերի միջոցով կարողացան հասնել նրան, որ բուհերում լրացուցիչ տեղեր ավելացվեցին: Այն ժամանակ՝ Մոսկվայից:
Հիմա, ո՞րն է կրթության բարեփոխումը, եթե բարձր, ասենք՝ 18.75 միավոր հավաքած դիմորդը պիտի չկարողանա բուհում սովորել, իսկ այ, 7.5- 8 միավոր մի կերպ հավաքողը՝ սովորի: Ա՞յս կերպ ենք մենք բարեփոխվում: Ի վերջո, ի՞նչ ասել է առաջին հայտի գերակայություն: Այդ ինչ լարախաղացություն է: Եթե քննությունը, գիտելիքը կարևորվում էր, պիտի հավուր պատշաճի, այլ ոչ թե՝ մեկ քննությամբ ընդունելություն կազմակերպվեր: Թե՞ դա է ԿԳՄՍ բարեփոխումը ընդունելության քննությունների բնագծում: ԿԳՄՍ-ն դե՞մ է, որ բուհերը համալրվեն բարձր պատրաստվածություն ունեցողներով, մանավանդ, այդ դիմորդներից շատերը հաստատ, նախընտրելի մի քանի մասնագիտություններ ունեն:
Եթե այս գերատեսչությունն ընդառաջ չգնա բարձր միավորներ հավաքած դիմորդներին, կմնա փաստը, որ տարիներ առաջ Մոսկվան տեղեր իջեցրեց Հայաստանի բարձր միավորներ հավաքած երեխաների համար, իսկ այսօր ՀՀ-ի համար նախապատվությունը գիտելիքահենք կրթությունը չէ: Իսկ բարեփոխումն այն կլիներ, եթե շեմային քննությունները բուհում ընդհանրապես հանվեին: Կես կամ մեկ տարին բավական էր, որ ցորենը ջոկվեր որոմից:
Հեղինակ՝ Մ.Մ.
Աղբյուր` Փաստինֆո