Поиск

2020թ. փետրվարից մինչ օրս ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պարգևավճարները կազմել են շուրջ 409 մ...



Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 2020թ. մարտ ամսին երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, որը մի քանի անգամ երկարաձգվեց և, չնայած որոշ մեղմացումներին՝ այսօր էլ շարունակում է մնալ ուժի մեջ:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 17-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով:


Հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, հատկապես՝ սոցցանցերում: Մարդիկ քննադատում էին համավարակի այդ ծանր պահին «հեղափոխական» պաշտոնյաներին շարունակաբար տրվող պարգևավճարները:

168.am-ը օգոստոսի 14-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ ճշտելու,  թե 2020 թվականի փետրվարից մինչ մեր հարցումն ուղարկելու օրը որքա՞ն պարգևավճար է հատկացվել ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին՝ առանձին-առանձին: Որքա՞ն գումար և ո՞ր ամիսների պարգևավճարներն են փոխանցվել կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար բացված գանձապետական հաշվեհամարին:


ԱԺ-ից ստացած գրավոր պատասխանում մասնավորապես նշված է.

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի՝ 2020 թվականի փետրվարից մինչ օրս պարգևատրումների ընդհանուր գումարի չափը կազմել է 326.626.896 ՀՀ դրամ (որից փետրվար և հուլիս ամիսների պարգևավճարները սահմանված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով):

ՀՀ ԱԺ պատգամավորների՝ 2020 թվականի փետրվարից մինչ օրս պարգևատրումների ընդհանուր գումարի չափը կազմել է 82.244.830 դրամ, որից 26.935.515 ՀՀ դրամը՝ մարտ ամսվա պարգևավճարը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ և պատգամավորների համաձայնությամբ, փոխանցվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին:

Նշենք նաև, որ ՀՀ Ազգային ժողովն իրեն տարեկան բյուջետային կտրվածքով հատկացված միջոցներից 500 մլն ՀՀ դրամ վերադարձրել է պետական բյուջե:

Ֆինանսական միջոցները ներառել են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված և 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական  միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ՀՀ ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ»,- ասված է պատասխան նամակում: