Поиск

2000 ընտանիք՝ բախտի քմահաճույքին. ՔՊ-ում «մոռացել» են տրված խոստումները.Lurer.com



Հայաստանի հեղափոխական իշխանության ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում սիրո խոստովանություն անելու ՀՀ «հայրաքաղաք» համարվող Գյումրիին: Շատ է խոսվել այն մասին, որ հեղափոխությունից հետո այդ նույն հեղափոխությունը պետք է հասցնել մարզեր, զարգացնել Երևանից զատ նաև մյուս քաղաքները, ինչպես նաև նպաստել այդ քաղաքների առջև տարիներ շարունակ ծառացած խնդիրների լուծմանը: Սեպտեմբերի 5-ին Գյումրին նշելու է քաղաքի օրը, իշխանության տարբեր կալիբրի ներկայացուցիչներ կայցելեն քաղաք, չեն զլանա սելֆիներ անել և սեր խոստովանել ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքին: Սակայն գործնականում վերջին երկու տարիների ընթացքում հեղափոխական իշխանությունները այդպես էլ չլուծեցին գյումրեցիների թիվ մեկ՝ անօթևաններին կացարաններով ապահովելու խնդիրը:

Մինչդեռ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրիում ավագանու ընտրություններ էին, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանի հիմնած կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշում էր, որ հաղթանակի դեպքում Գյումրու 2300 անօթևան ընտանիքները բնակարաններ կստանան։

Փաշինյանը նաև իրեն պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթով էր պարբերաբար հիշում, որ իշխանությունները չեն ցանկանում մոտ 3000 անօթևան ընտանիքների խնդիրը լուծել։

Այդ ընտրություններում ՔՊ-ն ստացավ ընդամենը 638 ձայն: Իշխանության գալուց հետո, սակայն, Փաշինյանի թիմը ստիպված եղավ ինքն իրեն հակասել։ Ամիսներ առաջ կառավարությունը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ վարչապետի հանձնարարականով 2020 թվականին մնացած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ ու այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է։ Նկատենք, որ Փաշինյանը նույնպես մոռացել է մյուս անօթևաններին, որոնց մասին նախկին իշխանություններին մշտապես հիշեցնում էր։ Եվ ստացվում է, որ Փաշինյանի կառավարությունն ավելի քան 2000 ընտանիքների խնդիրը անտեսում է, հայտարարելով, որ անօթևան մնացած քաղաքացիներից մի մասի մասի հանդեպ պետությունը պարտավորություն ունի, մյուսների համար չունի:  Բացի այդ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում են, որ նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք: Այսինքն՝ ըստ նրանց 20-30 տարվա ընթացքում, ընդամենը, 1000 ընտանիք է բնակարան ստացել: Ստացվում է, որ մինչև հեղափոխությունը նախկին «կոռումպացված» իշխանությունները Գյումրիում կառուցել են կամ բնակարանների գնման վկայական են տվել միայն 1000 ընտանիքի: Իսկ հեղափոխական իշխանությունները երկու տարում միանգամից 453 ընտանիքի խնդիր է լուծում: Նշենք, որ 2017 թվականին կառավարության հաստատած ծրագրով՝ մինչև 2020 թվականը 540 ընտանիք այսպես թե այնպես ստանալու էին նոր բնակարաններ: 2008-2010թթ. պետական ծրագրի շրջանակներում աղետի գոտու 4839 ընտանիքներ ստացել են բնակարաններ՝ 65 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ: Միայն 2017 թվականին պետբյուջեից հատկացվել է 560 մլն դրամ, որը տրամադրվել է աղետի գոտու 102 ընտանիքի: Ասվածը ևս մեկ վկայություն է այն բանի, որ հեղափոխական իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում սեփական արածները ուրճացնելու և նախկինների արածները նսեմացնելու համար: 

Ցավալի է, որ հեղափոխությունը Գյումրիից սկսած քաղաքական ուժը հեղափոխության հաղթանակից երկու տարի անց էլ ձեռնամուխ չեղավ իրենց իշխանության բերելու հարցում այդքան մեծ ավանդ ունեցած քաղաքի թիվ մեկ խնդիրը լուծելուն: Փաստորեն ՔՊ-ում մոռանում են ոչ միայն հեղափոխության, այլ նաև դրանից առաջ տրված նախընտրական խոստումները…