«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ իր տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սուրհանդակ են ուղարկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ: Մասնավորապես, նրան ասվել է, որ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից, որպեսզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և, առհասարակ, իշխանությունների միջև փոխհրաձգությունը դադարի:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադառնալով այդ տեղեկատվությանը՝ նշեց, որ կարդացել է այդ հրապարակումը և զարմացել, դրա վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունի:
«Ես կարող եմ հստակ արտահայտել մեկ դիրքորոշում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, կուսակցությունը, մեր առաջնորդը առաջնորդվում են միայն ու միայն այն օրակարգով, որը որոշում ենք մենք: Մեզ վրա ազդել, ճնշել… տեսնում եք՝ ինչ է կատարվում, չի ստացվելու: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որը հայտնվել է մամուլում, իրականում զարմանքով կարդացի»,- ասաց Արման Աբովյանը:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի երեկվա գրառմանը, Արման Աբովյանն ասաց, որ այն վերաբերում է բոլոր այն անձանց, որոնք ունենալով հոգեկան խնդիրներ՝ չպետք է զբաղեցնեն որոշակի պաշտոններ:
«Ասեմ ավելին՝ մեր փորձագետներն արդեն աշխատում են համապատասխան նախագծի վրա, որ հոգեկան խնդիրներ ունեցողները քաղաքական բարձր պաշտոններ չզբաղեցնեն»,- հավելեց նա:
Անդրադառնալով վարչապետի այն խոսքին, որ Գագիկ Ծառուկյանը գրել չգիտի, Արման Աբովյանն ասաց, որ նման անհեթեթություններ չի մեկնաբանի:
«Ցավոք, այսօր ո՛չ վարչապետը, ո՛չ իշխանությունը չի կարողանում առարկայական պատասխաններ տալ այն խնդիրների վերաբերյալ, որոնք հնչեցրել է Գագիկ Ծառուկյանը: Այսօր մենք տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք՝ քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության»,- շեշտեց Արման Աբովյանը: