Поиск

«ԱՄՆ-ն մտահոգված է Բելառուսում ընդդիմության ներկայացուցիչների առևանգման կապակցությամբ»․Սպիտակ տուն


ԱՄՆ-ն մտահոգված է Բելառուսում ընդդիմության ներկայացուցիչների առևանգման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնանին՝ պատասխանելով լրագրողների հարցին, գրում է Bloomberg-ը։


«ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Բելառուսում նախագահական ընտրություններից հետո մարդու իրավունքների շարունակական խախտումների, ընդդիմադիր գործիչների առևանգման և բռնի արտաքսման մասին հաղորդագրությունների կապակցությամբ»,- հայտարարել է մամուլի քարտուղարը:

ՄաքԷնանին Բելառուսի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալված ցուցարարներին և քաղաքական գործիչներին:


«ԱՄՆ-ն աշխատում է իր միջազգային գործընկերների հետ՝ խախտումների համար պատասխանատու բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Մենք Բելառուսի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ընդգծել է ՄաքԷնանին և հավելել, որ Բելառուսում արդար նախագահական ընտրություններ չեն անցկացվել։

«Բելառուսում ընտրությունները կեղծված են։ Խաղաղ ցուցարարների հսկայական բանակը ապացուցում է, որ  կառավարությունն այլևս չի կարող անտեսել ժողովրդի՝ ժողովրդավարության կոչերը» - ասել է Մակինանին։

Հիշեցնենք, որ բելառուսական ընդդիմության համակարգող խորհուրդն ավելի վաղ հայտնել էր խորհրդի երեք ներկայացուցիչների անհետացման մասին: Խոսքը նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովայի, գործադիր քարտուղար Իվան Կրավցովի և մամուլի քարտուղար Անտոն Ռոդնենկովի մասին է: Մինչ այդ բելառուսական որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ անհայտ անձինք սեպտեմբերի 7-ին Կելեսնիկովային առևանգել են Մինսկի Ազգային գեղարվեստական թանգարանի մոտից՝ նրան նստեցնելով միկրոավտոբուսը:

Նշենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: