Поиск

Թուրքական կառավարությունը հանցավոր խմբավորման ղեկավարին խնդրել է սպանել ամերիկյան պաստորին



Թուրքական կառավարությունը հանցավոր խմբավորման ղեկավարին խնդրել է սպանել ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնին, որը երկու տարի բանտարկված էր Թուրքիայում: Այժմ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) քննություն է սկսել՝ կապված այս հայտարարության հետ, գրում է International Christian Concern պորտալը: Հանցավոր խմբավորման ղեկավար Սերքան Քուրթուլուշն այս տարվա հունիսին ձերբակալվել է Արգենտինայում: Նա ապաստան է հայցում, քանի որ հետախուզվում է Թուրքիայում՝ Սիրիային ապօրինի կերպով հրազեն մատակարարելու համար: Թուրքիան փորձում է հասնել Արգենտինայից նրա արտահանձնմանը: Քուրթուլուշն ասել է, որ իրեն են մոտեցել իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» Իզմիրի մասնաճյուղի անդամները եւ խնդրել են կազմակերպել Բրանսոնի սպանությունը: Նա պնդում է, որ նրանք ցանկանում էին սպանության մեղքը գցել գյուլենականների վրա, որպեսզի ԱՄՆ-ը իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը ահաբեկչական կազմակերպություն ճանաչի: Նրա հայտարարության ճշմարտացիությունը դեռեւս ստուգված չէ, բայց հաղորդվում է, որ ՀԴԲ-ն Քուրթուլուշին հարցաքննելու հայց է ներկայացրել: Արգենտինան դեռ չի պատասխանել դրան: Բրանսոնը որպես պաստոր էր ծառայել Իզմիրում: Նա ձերբակալվել է Գյուլենի շարժմանն աջակցելու կեղծ մեղադրանքով: Շատերը Բրանսոնի բանտարկությունը համարում են ԱՄՆ-ի կողմից Գյուլենին արտահանձնել ստիպելու Թուրքիայի փորձ: Նրա դեպքն ապացուցում է, որ Թուրքիայում քրիստոնյաները իշխանությունների կողմից հաճախ օգտագործվում են քաղաքական մանեւրի համար: Անկախ նրանից, թե Քուրթուլուշի հայտարարությունը ճիշմարիտ է, թե ոչ, դա ցույց է տալիս, թե ինչպես քրիստոնյաների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների մոտեցումը կարող է ինտեգրվել հասարակության գիտակցության մեջ, գրում է պորտալը: