Поиск

ԱՊԱԳԱՅԻ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿԵՐՏՈՒՄ ԵՆ ԱՊԱԶԳԱՅԻՆ


«Ազգային օրակարգ» կուսակցությունը երեկ կառավարության շենքի դիմաց պիկետ անցկացրեց՝ պահանջելով կառավարության եւ ողջ իշխանության հրաժարականը։ Կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի կարծիքով, ճգնաժամային իրավիճակ է ոչ միայն կրթության, այլեւ առողջապահության, տնտեսության մեջ։ Ըստ նրա, համախմբումն այս փուլում պետք է լինի ոչ թե որեւէ անհատի կամ քաղաքական ուժի շուրջ, այլ՝ ծրագրային։

«Ազգային օրակարգն» իշխանափոխության համար ունի նաեւ ճանապարհային քարտեզ. «Առաջարկում ենք, որ լինի միջանկյալ փուլ, եւ այն իր մեջ ներառի ազգային համաձայնության իշխանությունը։ Դրա նպատակը պետք է լինի՝ մեղմել ճնշումները եւ նախապատրաստել արտահերթ ընտրություններ։ Այդ ընտրությունները լինեն երեքուկես տարվա կտրվածքով, եւ ընտրություններն էլ գնան ոչ թե այս լարումների շրջանակում, այլ ընթանան քաղաքական ծրագրերի եւ նպատակների շուրջ։ Իշխանության նկատմամբ վստահության վարկը նվազել է. նախկինում ստացած քվեներն այսօր այլեւս չեն կարող ստանալ»:   


Արա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որեւէ նամակ չեն փոխանցել կառավարություն, սա միայն բողոքի գործողություն է ընդդեմ ապազգային «ձեւակերպի», որն իրականացնում է իշխանությունը եւ հատկապես՝ կրթության ոլորտում․ «Այս գործողությունն ունենալու է շարունակություն։ Մենք հանրային բոլոր դրսեւորումներով փորձելու ենք թույլ չտալ եւ պայքարել ապազգայնության եւ ապապետականացման գործողությունների դեմ, որն իրականացվում է այսօր Հայաստանում եղած իշխանությունների կողմից։ Մենք պահանջում ենք ոչ միայն Արայիկ Հարությունյանի, այլ ամբողջ իշխանության հրաժարականը, կառավարությունը դա նաեւ Ազգային ժողովն է, ուստի պահանջում ենք ողջ իշխանության հրաժարականը եւ պնդում ենք, որ պատասխանատվությունն ընդհանրական է։ Հենց այսօր ԱԺ-ում վարչապետը եւ ողջ իշխող խմբակցությունը ցույց տվեցին, որ սատարում են իրականացվող ռազմավարությանը եւ քաղաքականությանը, այսինքն՝ ասում են, որ մենք ենք պատասխանատու այս ամենի համար»։

Անդրադառնալով նախօրեին փոխնախարար Ժաննա Անդրեասյանի տված գնահատականին, որն արվել էր իրենց կողմից կազմակերպված կոնֆերանսի առիթով՝ կապված «Հանրակրթական չափորոշիչների եւ առարկայական ծրագրերի» հետ, փոխնախարարը «ապատեղեկատվության շքերթ» եւ «վայ վերլուծություններ» էր անվանել քննարկման ժամանակ հնչեցված մտքերը, Հակոբյանն ասաց․ «Երբ մասնագիտական, տրամաբանական գործոններ, փաստարկներ չկան՝ հակադարձելու որեւէ քաղաքական ուժի կամ մասնագետի դիրքորոշմանը, գնում են անձնական անվանարկման։ Մենք դրան դեմ ենք եւ անձնական որեւէ բան որեւէ մեկին չենք ասում։ Մեր մոտեցումը քաղաքական է եւ մասնագիտական։ Մենք նաեւ պատրաստ ենք ցանկացած ատյանում ցանկացած մեկի հետ քննարկման»։

Թե ինչ առանցքային անհամաձայնություններ կան հանրակրթական չափորոշիչների հետ կապված, նշեց, որ դա վերաբերում է կրթական դաշտում եղած այն ոլորտներին, որոնք առնչվում են հայի ինքնությանը․ «Դա վերաբերում է հայոց լեզվին եւ հայ գրականությանը, հայոց պատմությանը, ռազմահայրենասիրությանը, ընտանիքին եւ այլն։ Ընդհանուր առմամբ եւ ոչ միայն կրթության ոլորտում, կան այն մոտեցումները, որ ապագայի հայ քաղաքացուն կերտում է ապազգային։ Հայն առանձնահատուկ է, ինչպես առանձնահատուկ է ցանկացած ազգի այլ ներկայացուցիչ, ասելով, որ հայն առանձնահատուկ է, մենք չենք ասում, որ հայը լավն է կամ վատը մնացածից, մենք ասում ենք՝ առանձնահատուկ է, եւ անհրաժեշտ է պահպանել հենց այդ ազգային առանձնահատկությունը եւ հարստությունը։ Դրա համար, մենք առանձին նախարարի պատասխանատվությունը նշելով՝ ասում ենք, որ այդ պատասխանատվությունը նաեւ ընդհանրական է»։