Поиск

Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ



Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ տրված առերևույթ չարաշահումների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով քննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել։

Այս ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Դեռեւս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա։

Կատարված վերանորոգումը խնդրահարույց է համարել անգամ պետական վերահսկողության ծառայությունը։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊՎԾ-ն պաշտոնապես հաստատել էր, որ 2019 թվականի աշխատանքներում արձանագրվել են չարաշահումներ։ «ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է մշտադիտարկում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում։ Մշտադիտարկվել են 2019թ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- օգոստոսի 26-ին գրավոր տեղեկացրել էր ՊՎԾ-ն։

Ավելին՝ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ նախապատրաստված նյութերով արդեն նաեւ քրեական գործ է հարուցվել։

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ նյութերը ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել են ՀՀ դատախազությունից։

Նկատենք, որ դատախազությունը, ինչպես ՊՎԾ-ն, ձեռնպահ է մնացել նշել, թե կառավարական ամառանոցների վերանորոգման աշխատանքներում յուրացված գումարը որքան է կազմում, մինչդեռ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը գնում է շուրջ 250 մլն դրամի մասին։

Դատախազությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել քրեական գործի հանգամանքները, քանի որ այն իսկական գլխացավանք է դարձել քննչական մարմինների համար։ Ինչպես տեղեկացրել ենք՝ ՊՈԱԿ-ը գործում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի անմիջական հսկողության ներքո, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենն էլ «Հայկական ժամանակ»-ի հաշվապահն է, ով նաեւ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահը, իսկ կապալառու ընկերությունն էլ առնչվում է ընտանիքի հետ։ Մեր տեղեկություններով՝ վերանորոգման գնումն իրականացվել է մեկ աղբյուրից, այսինքն՝ մրցույթ չի հայտարարվել եւ մրցույթով չի ընտրվել շահող ընկերությունը, իսկ վերջինիս համար, այսպես ասած, երաշխավորել է Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Ասել է թե՝ կոռուպցիոն սկանդալում շոշափվում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ամենամոտ կանգնած մարդկանց, այլ նաեւ ընտանիքի անդամների անուններն ու շահերը, ուստիեւ ձեռնպահ են մնում քրեական գործի շուրջ հնչեղությունից։

Նախաքննական մարմինը լուրջ երկընտրանքի առաջ է կանգնել՝ քրեական գործը քննե՞լ, թե ծածկադմփոց անել։ Քննելու դեպքում այն կարող է ընդհուպ քաղաքական սկանդալի հանգեցնել, որը կարող է չներվել հենց վարույթն իրականացնող մարմնին՝ իշխանությունների կողմից, իսկ ծածկադմփոցի դեպքում՝ իրենք կդառնան պաշտոնեական հանցագործություն կատարող անձինք։


©2020 Լուր ԱյսՕր.