Поиск

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՐԱՌՄԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է


Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գրառման գործը կարճվել է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։

Ըստ վերջինիս՝ այն կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով․ «Սուտ մատնություն չկար»։

Նշենք, որ Հարությունյանի գրառումը դատախազությունն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180, 181 հոդվածներով ընթացքը լուծելու համար։ 


Հիշեցնենք՝  Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ այն պետք է ընդունել՝ որպես հաղորդում հանցագործության մասին.

««Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Այսինքն՝ այդ հայտարարությունն առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։ 

Հետևաբար՝ խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել՝ որպես հանցագործության մասին հաղորդում, և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու՝ ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ՝ առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով»։

©2020 Լուր ԱյսՕր.