Поиск

2022 թ. մայիսի 9-ին Արցախի ԱԺ նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի․ Արայիկ Հարությունյան


2022 թ. մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։


«Ուրախ եմ, որ Խորհրդարանի ամբիոնից շաբաթներ առաջ հնչեցրած առաջարկիս ի պատասխան արդեն ստացել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը: Կարծում եմ՝ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը:

Շուշի կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում քննարկել ենք այն հնարավորությունը, որ Խորհրդարանին հատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները, հանձնարարականիս համաձայն, կվերսկսվեն շուտով:


Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն»,-գրել է նախագահը: