Поиск

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՅԼԵՒՍ ՈՉ ԹԵ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ՝ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ


Վերջին օրերին Արցախի քաղաքական քրոնիկոնին եւ հնչող հակասական հայտարարություններին հետեւելով` պարզ է դառնում, որ երկրի ներսում այլեւս ոչ այնքան երկիշխանություն է հաստատված՝ ի դեմս նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի, որքան անիշխանություն, կատարյալ քաոս:

Ոմանք պատկերավոր են բնութագրում՝ բերմունդյան եռանկյունի, ուր բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները հակասում են իրար։ Թվում էր՝ ներիշխանական դիմակայությունն ու հակասությունները միայն Բաբայան-Հարությունյան զույգի տիրույթում են, բայց արտգործնախարար Մասիս Մայիլյանի վերջին հարցազրույցն ու հայտարարությունները եկան փաստելու, որ Արցախի իշխանությունն իրենց ձեռքն են վերցրել գաղափարներով, մենթալիտետով եւ դիրքորոշումներով տարբեր առանցքային պաշտոնյաներ, որոնք ներքին հակասություններ ունեն։ Ավելին՝ նրանցից յուրաքանչյուրը մշտական «տուսովկեքի» մեջ է՝ իր դիրքերն ամրապնդելու, ամբողջական իշխանություն վերցնելու ծրագրով։ 


Մեր տեղեկություններով՝ հայաստանյան իշխանությունները, որոնք գծել են Արցախի իշխանության եռագլուխ մոդելը, հասկացել են, որ մի կաթսայում հնարավոր չէ «երեք գլուխ եփել», հատկապես, որ կշռաքարին Արցախի անվտանգային խնդիրներն են, եւ առաջիկայում ծրագրում են կոշտ քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ կադրային անհավանական փոփոխություններ են սպասվում։ Սամվել Բաբայանն արդեն «դեղին քարտ» է ստացել, նրան հորդորել են իր հրապարակային հայտարարություններում ավելի զուսպ լինել։

Նախատինքի պատճառն Արցախի եւ Հայաստանի միջեւ փոխօգնության պայմանագրի մասին Բաբայանի սկանդալային դիրքորոշումն է եղել։

Սեպտեմբերի 2-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի շուրջ աշխատանքները սկսված են, եւ երկու երկրների անվտանգության խորհուրդներում քննարկվում է առաջին փուլով աշխատանքային փաստաթուղթ կազմելու հարցը։ Մեկ օր անց ArtsakhNow.am-ը, լուսաբանելով ՀՅԴ երիտասարդների հետ Սամվել Բաբայանի հանդիպումը, հրապարակեց ԱԽ քարտուղարի աղմկահարույց տեսակետը նույն հարցով։ Բաբայանը փոխօգնության հնարավոր պայմանագրի մասին խոսելիս բառացիորեն ասել է․ «Ո՞ւմ հետ ենք կնքում ռազմական դաշինք, ո՞վ ում հետ։ Ամբողջը Հայաստանի բանակն է։ Այսինքն՝ Արցախն ինքը չունի ինքնուրույն միավորում։ Այսինքն՝ Հայաստանն ինքն իր հետ պայմանագի՞ր է կնքում»։

Իրականությունը բոլորին է հայտնի, սակայն բացահայտ խոսել, որ Արցախի պաշտպանությունը Հայաստանի բանակն է իրականացնում, կնշանակի՝ միջազգային հանրությանը խոստովանել օկուպացիայի փաստը։ Մինչդեռ պաշտոնական մակարդակում ամեն ինչ արվում է՝ միջազգային հանրությանը հրամցնելու հակառակը, որ հայկական բանակն ընդամենն օժանդակություն է ցուցաբերում երկրորդ հայկական պետությանը։ Սակայն այս թեմայով ծավալուն հրապարակումը ժամեր անց հեռացվեց կայքից, մեր տեղեկություններով, Հայաստանից այդ մասին զանգ է եղել Բաբայանին, ասվել է, որ արագ հեռացնեն տեքստը, այն լուրջ խնդիրներ է ստեղծելու մեզ համար։ Բաբայանը հակադարձել է, որ ինքն ազատ է իր հայտարարություններում, քանի որ, համաձայն Արայիկ Հարությունյանի վերջերս ստորագրած հրամանագրի, «արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես կարող են գալ նախագահը եւ արտաքին գործերի նախարարը, իսկ այլ պաշտոնատար անձինք` Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ»: 

Նկատենք, որ այս հարցի շուրջ Հարությունյանի եւ Մայիլյանի դիրքորոշումները համընկնում են։ Երեկ նա հայտարարեց․ «Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ անվտանգության ոլորտում պայմանագրի ստորագրումը մեծ կարեւորություն ունի հայկական երկու հանրապետությունների հարաբերությունների իրավական բազայի զարգացման եւ ընդհանուր անվտանգության տեսանկյունից»։ 

Բայց նրանց միջեւ տարաձայնություններն ու հակասությունները նույնպես այնքան նկատելի են, որ անհանգստության տեղիք են տվել։ Օրինակ, Արայիկ Հարությունյանն իր ասուլիսում անհավանական հայտարարությամբ հանդես եկավ․ «Արցախի միջազգային ճանաչում-չճանաչում՝ ինձ համար կարեւոր չէ, կարեւորն անվտանգությունն է»։ Թե ինչ էր ուզում իրականում ասել Հարությունյանը, այդպես էլ չհասկացվեց, սակայն օրեր անց ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն «Ազատ Արցախ» հանրապետական թերթին տված հարցազրույցում շեշտեց․ «Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է, որը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունն ու տարածաշրջանային անվտանգությունը»:

Այսինքն, պետության ղեկավարն ասում է՝ երկրի միջազգային ճանաչումը ոչ այնքան կարեւոր է իր համար, իսկ արտաքին քաղաքականության պատասխանատուն փաստում, որ դա պետական քաղաքականության առաջնահերթությունն է։ Կամ՝ Հարությունյանն ասում է, թե ցանկություն չունի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկում ունենալ բանակցությունների չնպատակադրված Ադրբեջանի հետ: «Եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցության թեման: Բանակցություններ չեն լինելու, չեմ տեսնում»։ Մինչդեռ Մայիլյանը բազմիցս է ընդգծել, որ 1997-ից հետո որեւէ հստակ բանակցություն տեղի չի ունեցել։

Հայաստանի իշխանություններն ասում են՝ հասկացել են, որ իրականում գործընթացներն ամբողջովին դուրս են եկել վերահսկողությունից, եւ եթե հիմա չմիջամտեն, վաղը կարող է ուշ լինել։


©2020 Լուր ԱյսՕր.