Поиск

ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՉՊԱՐԱՊԱԾ ԱՄԻՍՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱ՞ՐՆԵՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ


Կորոնավիրուսով եւ արտակարգ դրությունով պայմանավորված՝ շատ ծնողներ վերջին ամիսներին իրենց երեխաներին չեն տարել արվեստի դպրոցներ, ինչը սեպտեմբերին՝ նոր ուստարվա շեմին, խնդիրներ է առաջացրել նրանցից շատերի համար, քանի որ դպրոցները պահանջում են վճարել այդ ամիսների գումարը։ Այդ խնդրով խմբագրություն դիմած ծնողներն իրենց դժգոհությունն էին հայտնում՝ նշելով, որ ծնողների մի մասը գուցե նախընտրել է հեռավար եղանակը, բայց շատերն էլ պարզապես նպատակահարմար չեն գտել, որ իրենց երեխան հեռավար տարբերակով պարել կամ դաշնամուր նվագել սովորի․ «Եթե անգամ հեռավար են արել, բայց եթե ծնողը նպատակահարմար չի գտել, որ երեխան մասնակցի եւ, այսպես ասած, այդ ծառայությունից չի օգտվել, ինչո՞ւ պետք է վճարի դրա դիմաց։ Մեզ ասում են․ կապ չունի՝ երեխան մեկ ամիս է եկել դպրոց, թե ողջ տարին, պետք է ողջ տարվա վարձը տաք»։


Իրավիճակն ու կարգը հասկանալու համար կապվեցինք մի քանի դպրոցների հետ։ Երեւանի Բարսեղ Կանաչյանի անվան թիվ 17 արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Մուրադյանն ասում է, որ այն երեխաները, ովքեր վճարունակ չէին, տարկետում վերցրին․ «Պետությունն իրենց թույլ տվեց, որ մարտից իրենք տարկետման գնան, եւ գալիք մարտից նոր կվերականգնվեն։ Դրանք այն մարդիկ էին, ովքեր հրաժարվել էին պարապմունքներից, իսկ մնացածի հետ լիարժեք պարապել ենք, եւ վճարումներն արվել են նորմալ։ Դա, կարծեմ, բոլոր դպրոցներին է վերաբերում, իսկ թե ով ինչպես է կիրառել, կամ ծնողն ինչ որոշում է կայացրել՝ տարբեր է»։ Երեւան քաղաքում բոլոր արվեստի դպրոցների համար գործում է նույն վարձավճարը, որը տարեկան կազմում է 80 հազար դրամ․ «Ամսական 8 հազար դրամ, որը ծնողն է վճարում, բայց ուսման արժեքը 20 հազար 300 դրամ է, այդ մնացածը քաղաքապետարանն է վճարում»։    

Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի փոխտնօրեն Նաիրա Պապիկյանը եւս նշում է, որ բոլոր դասերն իրենց դպրոցն արել է առցանց․ «Ամեն ինչ արվել է, եթե ծնողը վճար է անում, մենք ամեն կոպեկի համար պատասխանատու ենք, եւ ծնողն էլ պարտավոր է գնալ իր վճարած կոպեկի հետեւից ու տեսնել՝ երեխան ստացե՞լ է այդ գիտելիքը, թե՞ ոչ»։ Այդուհանդերձ, եղել են ծնողներ, ովքեր ասել են, որ առցանց դասավանդումն իրենց չի բավարարում․ «Դա էլ արդեն ծնողի իրավունքն է, ասում են՝ երեխային հանում ենք, մենք չենք խոչընդոտում, ասում ենք՝ ձեր իրավունքն է, այնպես չէ, որ երեխան վճարն արել է, ամիսներ են անցել, իսկ ինքը բան չի ստացել, ուղղակի ծնողն ի սկզբանե ասել է՝ եթե ստացիոնար չէ դասը, ինձ օնլայն պետք չէ, եւ իրենց դիմումի համաձայն դուրս են եկել»։     

«Մեզ մոտ համարյա թե խնդիրներ չեն եղել»,- ասում է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Նաիրա Վահանյանը։ Այստեղ եւս գրեթե բոլոր ուսուցիչները պարապել են առցանց, ավելին՝ 45 րոպեի փոխարեն տրամադրել են 55 րոպե եւ անգամ ժամից ավելի։ Տնօրենի կարծիքով, մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր անընդհատ դժգոհ են ամեն ինչից․ «Կային ծնողներ, որ եկան ասացին՝ ուսուցիչը չի պարապել, երբ պարզաբանեցինք՝ ինչո՞ւ չի պարապել, պարզվեց, որ գյուղ են գնացել, եւ երեխան ինտերնետ չի ունեցել, այդ դեպքում ո՞վ է մեղավոր՝ էլի՞ մենք։ Այս դեպքում ուսուցիչը մեղավոր չէ, բայց մենք այսպիսի լուծում գտանք․ այն երեխաները, ովքեր հնարավորություն չեն ունեցել, գնացել են գյուղ, մի քանի ամիս այնտեղ են եղել եւ չեն պարապել, հիմա մենք հնարավորություն ենք ստեղծել, որ այդ երեխաների հետ լրացուցիչ պարապեն եւ բաց թողնված դասերը լրացնեն։ Այսինքն՝ թեպետ մեր մեղավորությունը չէ, որ չենք պարապել, բայց մենք, միեւնույն է, դրա դիմաց պարտադիր խնդրում ենք, որ ուսուցիչները լրացնեն բաց թողածը»։

Տնօրենն ասում է՝ եղել են ծնողներ, որոնք ի սկզբանե եկել ասել են, որ չեն ընդունում հեռավար ուսուցումը, ուստի՝ չեն վճարելու․ «Ասել ենք՝ լավ, ուզում եք՝ հանեք երեխային, եթե չեք վճարելու, ասել են՝ չէ, չեմ հանում, հետո կլրացնենք, եւ արդյունքում չենք հանել։ Նաեւ քաղաքապետարանը ծնողներին այսպիսի առաջարկ արեց․ որ եթե ինչ-ինչ պայմաններում չեն կարողացել վճարել, մինչեւ դեկտեմբերի վերջը կարող են վճարումներն անել։ Մենք պայմանագրեր ենք իրենց հետ կնքել, իրենք բոլորը մեծ սիրով համաձայնել են եւ այլեւս տարկետում չեն վերցրել»։

©2020 Լուր ԱյսՕր.