Поиск

Ռուստամ Բադասյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների...


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Նախարարը դեսպանի հետ քննարկել է հայաստանյան բարեփոխումների լայն օրակարգի անկյունաքարային ոլորտներին՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, այդ համատեքստում անդրադարձել ԱՄՆ կառավարության հետ համագործակցության արդյունքներին ու փոխգործակցության հետագա հնարավորություններին։

Մասնավորապես՝ Ռուստամ Բադասյանը խոսել է նոր Պարեկային ծառայության ստեղծման, դիմորդների հավաքագրման գործընթացներից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Գլխավոր դատախազությունում ձևավորված հատուկ ստորաբաժանումից, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ուղղությամբ տարվող աշխատանքներից, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության դրական արդյունքներից։


Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին թվարկված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ցուցաբերած շարունակական աջակցության համար և ընդգծել, որ ընթացիկ արդյունքներն արդեն իսկ խոսում են երկու երկրների կառավարությունների հարաբերությունների որակի մասին։

Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը սկսելուն ընդառաջ հանդիպելու և Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում՝ մասնավորապես՝  նոր հակակոռուպցիոն հաստատությունների ձևավորման և ոստիկանության բարեփոխումների շուրջ, Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը քննարկելու համար։