Поиск

Բաքուն «թեթեւ մուղամային քայլվածքով» սահուն անցում կատարեց իր կարծիքով ավելի իրատեսական դաշտ

Ադրբեջանական քաղաքական մտքի մետամորֆոզներ․ Ներքաղաքական օրակարգի հարցերը Հայաստանում երբեմն պատճառ են դառնում, որպեսզի հասարակությունը չհասցնի ըստ պատշաճի հետեւել արտաքին աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում ընթացող անցուդարձին, տեղի ունեցող իրադարձություններին։ Քչերը թերեւս ուշադրություն դարձրեցին Բաքու-Անկարա «անդավաճան սիրո» հերթական խոստովանություններին եւ հավաստիացումներին։ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանում Հունաստանի նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Արեւելյան Միջերկրականում Անկարա-Աթենք լարվածությանը, հայտարարել է, որ Բաքուն աներկբա կերպով աջակցում է Անկարային։ Այս հայտարարությունը, ինչպես եւ կարելի էր սպասել, բավական ջերմությամբ ընդունվել է թե ադրբեջանական փորձագետների կողմից, թե թուրքական։ Կրկին շրջանառվել է մեկ ազգ երկու պետություն հայտնի թեզը։ Ակնհայտ է, որ Բաքուն հիմա ամեն կերպ փորձում է հող նախապատրաստել Անկարայի համար՝ Հարավային Կովկասում ամրանալու համար։ Սա ինչ խոսք, սպասելի էր, սակայն հետաքրքրական է նաեւ այն, թե վերջին տարիներին ինչպիսի տրանսֆորմացիաների են ենթարկվել ռեգիոնալ քաղաքական եւ աշխարհաքաղաքական պլանում Բաքվի մոտեցումները։ Հիշեցնենք, որ սկզբում Բաքվում ասում էին, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացումը կստեղծի վակուում, որը կփորձի լցնել Թուրքիան երկու ուղղությամբ՝ ԵՄ եւ իր սեփական։ Սակայն ԵՄ հետ Անկարայի հարաբերությունները կարծես թե այդպես էլ չեն դասավորվի եւ Անկարան կշարունակի մնալ Եվրոպայի դռները բախողի կարգավիճակում։ Սա հասկացան նաեւ Բաքվում եւ հայտարեցին, որ Անկարայի հանդեպ ԵՄ-ում արդարացի չեն եւ Անկարային հարկ է առանձնապես հույսեր չունենալ ԵՄ անդամակցության հետ կապված, քանի որ Թուրքիան մահմեդական երկիր է։ Սա մի թեզ է, որ ունի երկակի իմաստ։ Նախ, ուղիղ իմաստով առնչվում է Թուրքիային եւ ապա արդեն բուն Ադրբեջանին։ Հայտնի է, որ Բաքուն ամեն կերպ ձգտում է երեւալ որպես եվրոպական մոդելի առաջադեմ հասարակություն ունեցող երկիր։ Սակայն, եթե Թուրքիային, որը ռեգիոնում անհամեմատ մեծ կշիռ ունի Ադրբեջանից, չեն ուզում ընդունել համաեվրոպական ընտանիքում, ապա որքան քիչ է ԵՄ կազմ անդամագրվելու Ադրբեջանի հնարավորությունները։ Սա իր հերթին պարզ դարձրեց, որ ռուսական էներգետիկային այլընտրանքային էներգետիկ հնարավորություն Եվրոպային մատակարարման պլանը մեծ հաշվով առ ոչինչ են, եւ դեռ երեկ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համարյա երաշխավորի քղամիդ հագած Բաքուն «թեթեւ մուղամային քայլվածքով» սահուն անցում կատարեց իր կարծիքով ավելի իրատեսական դաշտ եւ սկսեց ամբողջ ուժով փչել Անկարայի «նեոօսմանական զուռնան»։ Դժվար է ասել, թե սա ինչքան կտեւի, քանի որ Եվրոպան բավական լուրջ է տրամադրված Անկարայի դեմ սանկցիաներ կիրառելու հարցում, իսկ թուրքական տնտեսությունը, որն առանց այն էլ լավ ժամանակներ չի ապրում, կդիմանա արդյոք այդ հնարավոր սանկցիաներին։ Ամեն դեպքում կարելի է սպասել, որ Անկարա-Արեւմուտք հարաբերություններում նոր «քամիների» փչելու հետ կարող է Բաքվում էլ քաղաքական միտքը նոր «հայտնագործություններ» անի։


©2020 Լուր ԱյսՕր.