Поиск

Բիշքեկում գիշերը հանգիստ է անցել՝ առանց ավազակությունների եւ ջարդերի


Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում գիշերը հանգիստ է անցել՝ առանց ավազակությունների եւ ջարդերի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Բիշքեկում արտակարգ դրության ռեժիմ է մտցրել գրեթե 2 շաբաթով:

«Ավազակությունների եւ ջարդերի փաստեր չեն հայտնաբերվել եւ չեն գրանցվել»,-հայտնել են ոստիկանությունում:  

Երկուշաբթի Ղրղզստանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել` հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած երկրի խորհրդարանի ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն ցուցարարների մասնակցությամբ: Ուժայինների հետ դաժան բախումներից հետո ցուցարարները գրավել են երկրի խորհրդարանի շենքը, որտեղ տեղակայված է նախագահի աշխատակազմը: Բախումների հետեւանքով տուժել է ավելի քան 1,2 հազար մարդ, մեկ մարդ զոհվել:

Ղրղզստանի վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովը, իր մամուլի քարտուղարի խոսքով, գտնվում է Բիշքեկում եւ «վերահսկում է իրավիճակը»: Նա բազմիցս երկխոսության կոչ է արել ընդդիմությանը, սակայն, որքան հայտնի է, մինչ այժմ պաշտոնական բանակցություններ չեն անցկացվել:  

Ընդդիմության կուսակցությունների ղեկավարները երկրի կառավարման համակարգող խորհուրդ են ստեղծել եւ վարչապետի պաշտոնում առաջադրել են ընդդիմության առաջնորդ Սադիր Ժապարովին: Հոկտեմբերի 6-ի երեկոյան խորհրդարանն արտակարգ նիստին հաստատեց նրա թեկնածությունը: Սակայն ընդդիմության որոշ ներկայացուցիչներ չհամաձայնեցին այս նշանակման հետ: Նրանք իրենց համակարգող խորհուրդն են ստեղծել եւ մտադիր են ընտրել իրենց վարչապետին: Նրանք նաեւ պահանջել են իմպիչմենթի ենթարկել նախագահ Ժեենբեկովին եւ ցրել երկրի խորհրդարանը:

Երեկ անկարգությունները կրկին վերսկսվել են: Կենտրոնական հրապարակում բախումներ են տեղի ունեցել Ժաապարովի եւ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի աջակիցների միջեւ: Ավելի վաղ ցուցարարները Աթամբաեւին ազատել էին գաղութից: