Поиск

Երեւանի քաղաքապետարանը պետք է հանդիսավոր կերպով ինձ պարգեւատրեր, ոչ թե ոստիկաններ բերեր, ձերբակալեր.



Երեւանի քաղաքապետարանը պետք է այսօր հանդիսավոր կերպով ինձ պարգեւատրեր, ոչ թե ոստիկաններ բերեր` մեզ ձերբակալելու: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փառատոնային պուրակում ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` խոսելով վերջին ամիսներին կրթահամալիրի արած աշխատանքների, ինչպես նաեւ հուլիսին իրեն բերման ենթարկելու մասին:

«Ինչ իշխանության մասին է խոսքը: Երեւանի քաղաքապետարանը պետք է այսօր հանդիսավոր կերպով, բոլորի ներկայությամբ Բլեյան Աշոտին` ինձ, պարգեւատրեր, ոչ թե ոստիկաններ բերեր, մեզ ձերբակալեր: Ընդ որում կան փաստատթղթեր, որոնք փաստում են` բոլորն արված է ապօրինի, ոստիկանությունն իրավունք չուներ այդտեղ գտնվելու, դա բոլորին է հասկանալի»,-ասաց կրթահամալիրի տնօրենը:


Նա նշեց, որ  այն մարդիկ, որոնք կազմակերպել են այդ գործը, նրանք պետքէ հրաժարական տան եւ հասարակությունը չպետք է հանդուրժի դա, քանի որ ըստ Աշոտ Բլեյանի` մանկավարժի` կրթության գործի կազմակերպչի նկատմամբ, սովորող երեխաների եւ մնացածի ներկայությամբ այդ ոտնձգությունն իրականացնելը փոքր բան չէ, եւ շատ վիրավորական է:

Աշոտ Բլեյանն անդրադարձավ նաեւ Սեբաստացի կրթահամալիրի փառատոնային պուրակին, որտեղ կրթահամալիրի ողջ անձնակազմն անում է ամեն ինչ տարածքը մաքուր պահելու եւ բարելավելու համար եւ, որ  այդ օրինակին պետք է հետեւեն բոլոր կրթական հաստատությունները, ոչ թե ցանկապատելով տարածքները սեփականաշնորհեն:

«Մեր վերջին նախաձեռնությունը Վիգեն Ավետիսի հետ էր` «Բնակավայրն առանց ճաղերի»: Այսինքն պետք չէ ցանկապատել, բոլոր տեսակի այդ ցանկապատները, որոնք,  հանրային տարածքը փակում են, անընդունելի են, քանի, որ այն հանրությանն է պատկանում: Այն անհոգի վերաբերմունքը, որը հաստատությունների  ղեկավարները, կամ բնակիչներն ունեին, ինչո՞ւ փոփոխված իշխանության առաջին քայլը չի լինում բնակիչներին հորդորել մաքրել եւ մաքուր պահել իրենց միջավայրը:

Իսկ մենք մեր օրինակով ցույց տվեցինք, որ քաղաքապետարանի կողմից  մեզ տրված նպատակային օգտագործման հանրային հողի յուրաքանչյուր քառակուսի մետրը ոչ միայն նպատակային ենք օգտագործում, այլեւ սովորող եւ ուսուցիչ, կանաչապատում ենք, ջրում են իրենց ուսումնական աշխատանքով, նաեւ  վերադարձնում ենք հասարակությանը, քանի որ  դա հանրային սեփականություն է»- հավելեց  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի  հուլիսի 21-ին, Կարմիր բերետավորները ձերբակալել էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենին եւ քանդակագոծ Վիգեն Ավետիսին, ովքեր դեմ էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հարեւանությամբ գտնվող թիվ 93 մանկապարտեզը ցանկապատելուն եւ   փակելուն Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը: Բլեյանն էւ մյուս ուսուցիչներն էլ նստել էին այդ հատվածում: Ինչի պատճառով նրանց բերման էին ենթարկել:

©2020 Լուր ԱյսՕր.