Поиск

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փլուզված 12 բնակարանների սեփականատերերին բնակարան ձեռք բերելու...


Այսօր կառավարությունն ընդունեց որոշում, որով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 2020 թվականի օգոստոսի 26-ին փլուզված 12 բնակարանների սեփականատերերին բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն կտրամադրվի:


ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը ներկայացրեց նախագիծը և նշեց, որ այդ բնակարանների բնակիչներին ժամանակավորապես բնակեցրել են տարբեր հասցեներում՝ մինչև նրանց բնակարանային խնդրի լուծումը: Նա ասաց, որ ՀՀ վարչապետի տված հանձնարականի համաձայն՝ առաջարկվել է այդ ընտանիքների խնդիրը լուծելու համար բնակարանի գնման վկայագրի վերաբերյալ նախապատրաստել որոշման նախագիծ:

«Կադաստրի կոմիտեի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կողմից տրամադրված ելակետային տվյալների հիման վրա հաշվարկվել է այդ ընտանիքիների հասանելիք աջակցության չափը՝ հիմքում դնելով փլուզված բնակարանի ընդհանուր մակերեսը և  կադաստրի կոմիտեի հրապարակած  տվյալները»,-ասաց Արմեն Ղուլարյանը և նշեց, որ շուկայական միջինացված գնի տվյալները կազմել է քառակուսի մետը՝ 330 հազար դրամ:


Այսպիսով՝ պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական նախարարությանը կտրամադրվի 182 միլիոն դրամ: Արմեն Ղուլարյանը նշեց, որ եթե բնակիչները ավելի ցածր արժեքով բնակարան կարող են ձեռք բերել, գումարի տարբերությունը կմնա աջակցություն ստացողին, և նա այդ գումարը կտնօրինի իր հայեցողությամբ, իսկ ավելի բարձր արժեքով բնակարանի դեպքում, ձեռք բերողը իր միջոցներով պետք է տարբերությունը լրացնի: Նա ասաց, որ հիփոթեկային վարկի տարբերակով ևս կարող են ձեռք բերել, և գումարը` որպես կանխավճար կփոխանցվի:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ի վերջո պատճառները որոնք են: «Որքան հասկանում եմ, կա՛մ շահագործման կանոնների խախտում պետք է լինի, կա՛մ որևէ այլ հանգամանք, բայց լավ առիթ է, որ պատճառն էլ քննարկենք, հետևանքն էլ հասկանանք, քանի որ այս ծախսը ինչ-որ ձևով պետք է արձանագրվի պատճառված վնաս՝ ինչ-որ մեկի մեղքով»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այդ հանգամանքը հաշվի առնված է, և քննությունը պետք է պարզի, բայց կարևոր է, որ արագ արձագանքում են: «Մեկ ամիս էլ չի անցել, երբ մենք արդեն կոնկրետ խնդրին լուծում ենք տալիս: Առաջին օրվանից տուժած ընտանիքներին մեկ շաբաթով հյուրանոցներ առաջարկեցինք, բնականաբար, ոչ բոլորը օգտվեցին, բայց  հետո նաև վարձակալություն համար գումար ենք հատկացրել»,-ասաց նա: Այսպիսով` տեղեկացվեց, որ 11 ընտանիքների նույն թաղամասում ապահովել են վարձակալության գումարով, իսկ մինչ այդ նրանց մեծ մասն ապրել է հյուրանոցներում, որտեղ անվճար սննդով են ապահովել:

Արմեն Ղուլարյանն ավելացրեց, որ քանի որ մենք ունենք վթարային շենքեր, և քիչ չէ դրանց թիվը, պետք է մտածել նաև ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ, իսկ վարչապետը արձագանքեց, որ շատ բաների մասին պետք է մտածեն և մտածում են: Նա նշեց, որ նույն վթարային շենքերի հետ կապված՝ հանձնարարական է տվել և արդյունքների վերլուծություն լինելու դեպքում կարող է դիրքորոշում արտահայտել:

©2020 Լուր ԱյսՕր.