Поиск

ԵՎ ԴՈ՞Ւ, ԲՐՈՒՏՈՍ…


Եթե դու խայտառակ պոպուլիստ ես եւ միեւնույն ժամանակ ֆիզիկայի դպրոցական դասագրքից հիշում ես Իսահակ Նյուտոնի անունը, դա արդեն լավ է: Բայց եթե պոպուլիստ հալով դու նաեւ երկրի ղեկավար ես, ապա պարտավոր ես իմանալ նաեւ Նյուտոնի երեք օրենքները, որոնք այսօր էլ լայնորեն կիրառվում են, համարվում են աքսիոմ եւ հանդիսանում են դասական մեխանիկայի կարեւորագույն օրենքները, որոնք թույլ են տալիս հավասարության տեսքով ներկայացնել մարմնի շարժումը, եթե հայտնի են այդ մարմնի վրա ազդող ուժերը:


Որպեսզի հասկանալի լինի, թե ինչու հանկարծ այսպիսի անսովոր նախաբանով սկսեցի, միանգամից ասեմ, որ ստորեւ խոսելու ենք Նիկոլի եւ Նյուտոնի մասին: Այլ կերպ եթե ասեմ, ապա փորձելու ենք միասին հասկանալ՝ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ուտոպիստ-պոպուլիստը ծանո՞թ է, արդյոք, Նյուտոնի օրենքներին, որոնցով ամբողջ աշխարհում հաշվում են, օրինակ, ղեկավարների (կամ նրանց ռեյտինգի) ազատ անկման արագությունը: Այսինքն, պարտադիր չէ, որ Նիկոլին «Պոբեդա» մոստից գցենք ներքեւ, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի ուժով նա կբախվի գետնին: Դրա համար մեզ պետք է իմանալ ընդամենը մեկ բան՝ Նիկոլի քաշը, քանզի հայտնի են կամրջի բարձրությունն ու ազատ անկման արագության հաշվարկի գործակիցը: Ամենամարդասիրականը Նյուտոնի 3-րդ օրենքն է, որի վրա էլ կծանրանանք ստորեւ, իսկ մինչ այդ չմոռանանք արձանագրել, որ նյուտոնյան դինամիկայի օրենքները, 17-րդ դարից սկսած, գործնականում ճշգրիտ արդյունքներ են տվել:

Իսկ հիմա պատկերացրեք, որ քայլում եք կիսախավար ճանապարհով, որի մեջտեղում գնդակ հիշեցնող մի առարկա է դրված: Փողոցում ոչ ոք չկա, եւ ձեր մեջ անհաղթահարելի ցանկություն է առաջանում հարվածել գնդակին: Հարվածում եք, ու… հաջորդիվ բարձրացող վայնասունից հրապարակման ենթակա են միայն հետեւյալ բառերը՝ «վախ, մամա ջան»: Այս ֆենոմենի բացատրությունը հետեւյալն է՝ դա ոչ թե գնդակ էր, այլ մետաղյա գունդ, իսկ դուք առանց ստուգելու հարվածեցիք, որովհետեւ չգիտեիք կամ չէիք հիշում Նյուտոնի երրորդ օրենքը: ՀՀ գործող իշխանություններն ամեն ինչից հոտ քաշելու, ամեն ինչ փորձելու հիմար սովորություն ունեն: Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ «վախ, մամա ջան»-ը միշտ կա ու կա: Փաշինյանն ու իր թիմը օրերս փորձել էին ներթափանցել ռուսական հատուկ ծառայությունների արխիվ եւ այնտեղից տեղեկություններ քաշել Հայաստանում գործող ռուսական գործակալական ցանցի եւ նրա հետ համագործակցող մեր հայրենակիցների մասին: Ինչ-որ բան, իհարկե, ստացվել էր քաշել, բայց հետո պարզվեց, որ ներթափանցել են ոչ թե ГРУ-ի արխիվ, այլ ռուս վտարանդի մի միլիոնատիրոջ տեղեկատվական օֆիս, կարծեմ՝ «Դոսյե» անունով: Շատ խնդալու բան էր ստացվել: Հատկապես խնդալու էին ռուսական գաղտնի ծառայությունների ռուս աշխատակիցների կերպարները եւ այն խոսակցությունները, որ նրանք վարում են Հայաստանում ՌԴ շահերը պաշտպանող եւ այդ շահերը վնասող հայերի մասին: Հատուկ ծառայությունների աշխատանքն իրենց դեռահաս կադրի աչքերով եւ ուղեղով ընկալող ՀՀ իշխանությունները, բնականաբար, ավելին անելու ընդունակ էլ չէին: Բայց հարցն այստեղ հասկացողությունը չէր, ոչ էլ այդ քայլի պետականամետ նպատակը: Փաշինյանին ընդամենը պետք էր սեւացնել իր քաղաքական հակառակորդներին, ուրիշ՝ ոչինչ: Նման դեպքերում ընդունված է ասել՝ դե հիմա գնդակ էր՝ տշեց… 

Այս պատմությունը, ինչպես եւ սպասվում էր, այսքանով չավարտվեց: ГРУ-ն, տեսնելով որ ՀՀ իշխանություններն իր հեղինակության հետ են խաղում (իրեն դրել են գնդակի տեղ), մեկ-երկու օր անց, The Moscow post պարբերականում հրապարակեց մի հոդված՝ Սորոսի տոհմածառի հայկական հատվածի պատկերով: Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմը. «Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Յոհանին, Յոհանը ծնեց Հուդային եւ նրա եղբայրներին…»: Ճիշտ այս մանրամասնությամբ մեր առջեւ հայտնվեցին «հայկական» արմատներով հեղափոխության բոլոր մեծամեծները՝ բնականաբար, Սորոսի վսեմաշուք հայացքի ներքո: Իսկ ամենացավալին էլ այն էր, որ ցուցակը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, որի համար մինչ այս պահը պատրաստ էի երդվել, որ սորոսական չէ: Գիտեի, որ «հեղափոխության» օրերին օգտագործում էր սորոսական ՀԿ-ներին, վերջիններիս միջոցով «մասսովկաներ» էր ապահովում, բայց որ անձամբ է թաթախված սորոսական փողերի մեջ, մտքիս ծայրով իսկ չէր անցնում: Ի՞նչ ասեմ, ես, հավանաբար, միակ մարդն էի, որ այդպես էի մտածում Փաշինյանի մասին, բայց հիմա, The Moscow post-ի հրապարակումից հետո, ես էլ ընկա կասկածների մեջ… Եվ դո՞ւ, Բրուտոս… Բայց չշեղվենք թեմայից: Եվ ուրեմն ի՞նչ է ասում Նյուտոնի երրորդ օրենքը: Ըստ այդ օրենքի՝ նյութական կետերը կամ մարմինները միմյանց վրա փոխազդում են նույնաբնույթ ուժերով, որոնք ուղղված են այդ մարմինները միացնող ուղիղին զուգահեռ, մեծությամբ հավասար են եւ ուղղվածությամբ՝ հակառակ: Ավելի պարզ ասած՝ ազդող ուժը հավասար է հակազդող ուժին՝ հակառակ նշանով: F=-F: Դու ոտքով հարվածում ես գնդակին, իսկ նա նույն ուժով հարվածում է քեզ: Հետագա զգացողությունները, սակայն, կախված են քո եւ գնդակի զանգվածների հարաբերակցությունից: Այդ պատճառով էլ հարվածելուց առաջ պետք է վստահ լինես, որ դա գնդակ է եւ ոչ թե թեթեւատլետիկական գունդ, որ մրցումներից հետո պատահաբար մոռացել են ճանապարհի վրա:

Հարցնում եք՝ ինչպե՞ս կարող են մեխանիկայի օրենքները գործել քաղաքականության մեջ: Լավ հարց է, իհարկե, բայց, ինչպես գիտեք, քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, այդ թվում եւ ֆիզիկայի օրենքների գործելը: Անշուշտ, այդ օրենքները քաղաքականության մեջ կարող են այլ արդյունքներ տալ, որովհետեւ քաղաքականությունը կայուն միջավայր չէ, բայց կարող են գործել, երբ քաղաքական գործիչներն արհամարհում են դրանք: Դիցուք՝ վերը դիտարկված օրինակում Նյուտոնի օրենքը հաստատ գործել է, բայց քանի որ առկա է մարդկային ֆակտորը, այս դեպքում՝ ուղեղը, ռուսական կողմի հակազդեցությունը (-F) այնքան էլ հավասար (համարժեք) չի ստացվել հայկական կողմի (F) արկածախնդրությանը:

ՀԳ. Բարեկամական խորհրդի տեսքով՝ պարոն Փաշինյան, եթե մյուս անգամ հարկ լինի պատ կոտրել, աշխատեք դա չանել գլխով եւ աներձագի հրճվանքի ներքո: Նյուտոնը, վերջին հաշվով, թքած ունի, թե ինչ տեղի կունենա 2020 կամ 2050 թվականների Հայաստանում, նյութական կետերի փոխազդեցության պահին: Ասում եմ՝ միամիտ տեղը վարչապետ չկորցնենք: