Поиск

Որոշում դեռ չունենք. Գեմաֆին Գասպարյանը՝ հեռուստաընկերությունների լիցենզիաների մրցույթին...



Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, հեռուստաընկերությունների լիցենզիաների և կապուղիների համար նախատեսվող առաջիկա մրցույթին մասնակցելու ցանկություն ունեն օնլայն լրատվամիջոցներ՝ «1in.am»-ը՝ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ի դեմս կնոջը պատկանող Freenews.am էլեկտրոնային հարթակի, ինչպես նաև «Բուն Թիվի» առցանց հեռուստաընկերությունը, որի հիմնադիր տնօրենն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Բուն Թիվի» առցանց հեռուստաընկերության տնօրեն Գեմաֆին Գասպարյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստեց լուրերը. «Ճիշտն ասած այս պահին այդպիսի որոշում դեռ չունենք, թիմի ներսում դեռ չենք քննարկել այդ հարցը»,-շատ հակիրճ պատասխանեց Գեմաֆին Գասպարյանը, միաժամանակ տեղեկացնելով, որ անհարմար ժամի են զանգահարել, երկար խոսել չի կարող։ Տեղեկացնենք, որ օրեր առաջ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր այն մասին, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հեղինակազորել է «Բուն TV»-ին , ինչը թույլ կտա լրատվամիջոցին հասանելի և տեսանելի լինել տարբեր ձևաչափերով և հաճախականությամբ։

Նախօրեին «Փաստինֆո» լրատվականը տեղեկացրել էր, որ 2021 թվականին հունվարին լրանում է հեռուստաընկերությունների լիցենզիայի տրամադրման ժամկետը։ Օրենքով նախատեսված կարգով՝ ՀՌՀ-ը լիցենզավորման նոր մրցույթ հայտարարելու մասին կտեղեկացնի մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Մրցույթին կարճ ժամանակ է մնացել, սակայն արդեն տեղեկություններ կան այն մասին, որ իշխանությանը ոչ ցանկալի մի շարք հեռուստաընկերություններ հնարավոր է զրկվեն լիցենզիայից։ Այս ենթատեքստվում քննարկվում է մի շարք հեռուստաընկերությունների, այդ թվում՝ «Արմնյուզ», Հ2, «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին լիցենզիա չտրամադրելու հարցը։ Ըստ շրջանառվող լուրերի կապուղի զբաղեցնելու ցանկություն ունի «Ազատություն ռադիոկայան»-ը, «Ա1+»-ը, որ ցանկանում է մասնակցել մրցույթին և ստանալ «Կենտրոնի» կապուղին: Նույն աղբյուրները նշում են՝ լիցենզավորման այս մրցույթի ընթացքում նախապատվությունը կտրվի այն հայտատուներին, որոնք վերջին երեք տարիների ընթացքում ունեցել են գործող հեռուստաընկերություն։

Աղբյուր` Փաստինֆո

©2020 Լուր ԱյսՕր.