Поиск

Գործարկվել է change.org հարթակի հայկական տարբերակը. Ավինյան


2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն Հայաստանը 193 երկրների ցանկից զբաղեցրել է 68-րդ տեղը։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելելով, որ շարունակական աշխատանքներ են տանում էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդրման նպատակով։

Փոխվարչապետը նշեց, որ նախորդ զեկույցի համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքերը 19 կետով. «Էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում։ Մենք ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում։

Գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը։ Սա change.org հարթակի հայկական տարբերակն է»,-նշեց փոխվարչապետը` հավելելով, որ հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ գրություն , որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ։

Տիգրան Ավինյանը հավելեց, ու հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը հնարավորություն է տալու էլեկտրոնային եղանակով ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, աջակցել ներկայացվող նախաձեռնություններին։

Աղբյուր` Փաստինֆո

©2020 Լուր ԱյսՕր.