Поиск

Կորոնավիրուսի թեստ հանձնելուց առաջ չուտել, չխմել, չծխել. 30 հազար ուսուցչից թեստավորվել է մոտ 3 ...


Դպրոցների ողջ անձնակազմը պիտի կորոնավիրուսի թեստ հանձնի, եւ մինչեւ ուսումնական գործընթացի մեկնարկը ուսուցիչների թեստավորումը պիտի ավարտված լինի. այդ մասին ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ նշել էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Եթե շուրջ 30 հազար ուսուցիչ պիտի թեստավորվի, ապա առաջիկա շաբաթվա ընթացքում մոտ 4000-ից ավելի մարդ ամեն օր պիտի թեստավորվի: Այս ծանրաբեռնվածությամբ կհասցնե՞ն լաբորատորիաները սպասարկել բոլորին, եւ թեստավորել նաեւ այլոց, ում ըստ ցուցումների՝ պետք կլինի թեստ հանձնել. «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը նշեց. «Ծանրաբեռնվածությունը, իհարկե, շատ մեծ է, այնուամենայնիվ պլանավորվում է իրականացնել նաեւ լաբորատոր հետազոտություններ՝ ցուցումների դեպքում»:

Բաբախանյանը հաղորդեց, որ թեստավորման գործընթացը կազմակերպվում է ՏԻՄ մարմինների եւ ԿԳՄՍՆ-ի միջոցով. «Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող դպրոցների անձնակազմերը թեստավորվելու են դպրոցին կցված պոլիկլինիկայի կողմից՝ համաձայն ժամանակացույցի, որը գրավոր ներկայացվել է քաղաքապետարանի առողջապահությահ վարչություն։ Ավագ, մասնավոր, եւ գիշերօթիկ դպրոցների թեստավորումն իրականացվելու է այլ ընթացակարգով, որը գրավոր ներկայացվել է կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարություն»։ Չեն թեստավորվելու միայն այն ուսուցիչները, որ առողջական վիճակով կամ այլ գործոնով պայմանավորված, նախատեսում են դասավանդել հեռավար:

Այս որոշումը համաճարակային առումով ինչ հիմնավորում ունի, քանի որ նույնկերպ եւ աշակերտները, որ ժամեր շարունակ լինելու են նույն տարածքում, կարող են անախտանիշ վարակակիր լինել. այս հարցին ի պատասխան Բաբախանյանը միայն նշեց. «Որոշումը նվազեցնում է ռիսկի գործոնը»։

Իսկ հետագայում դասերի ընթացքում պարբերաբար թեստավորումներ նախատեսվո՞ւմ են. «Հետագայում անձնակազմի եւ սովորողների շրջանում թեստավորումը կիրականացվի ելնելով համաճարակաբանական ցուցումներից»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի թեստ հանձնելու գնալիս հարկ է նվազագույնը երկու ժամ առաջվանից ոչինչ չուտել, անգամ ջուր չխմել եւ չծխել: Առկա տվյալների համաձայն՝ մինչ սեպտեմբերի 6-ը ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում թեստավորվել է 2595 անձ։

Իսկ ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, եւ նախատեսվում է, որ կավարտվի 2021թ. հունիսի 4-ին։ Հանրակրթական ուսումնական բոլոր հաստատություններում կգործի 6-օրյա աշխատանքային շաբաթ՝ աշակերտները շաբաթը երեք օր կհաճախեն դպրոց, երեք օր կուսանեն հեռավար: Որոշված է, որ դասասենյակներում երեխաները կնստեն առանձին դասասեղանների մոտ, դասը պատասխանելիս գրատախտակի մոտ չեն գնա, իսկ դասամիջոցներին դասարանից դուրս չեն գա: Դասաժամերը չեն կրճատվել, միայն երգեցողության եւ մարմնակրթության դասերը կլինեն առանց երգելու ու թռչկոտելու՝ կսովորեն միայն տեսական մասը: