«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչներ հետ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ 2018 թվականի հեղափոխական իրադարձություններից հետո մեկնարկեցին գործընթացներ, որոնք պետք է լուծեին կոռումպացված և տարիներ շարունակ ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ գործած պետական համակարգերի, այդ թվում՝ դատական համակարգի խնդիրները, սակայն դրանք չեն իրականացվել:
«Իշխանություններն անկարող են իրականացնել բովանդակային հետևողական և իրավական քաղաքականություն, այդ անկարողությունը դրսևորվում էր իրավական համակարգի խորքային համակարգված և իրական ծրագրի և դրա իրագործման բացակայությամբ, առանցքային պետական մարմիների վերակազմավորման, դրանց սահմանադրական և օրենսդրական անհրաժեշտությանը հավատարիմ գործուենության ապահովման ձախողմամբ»,– նշեց Տիգրան Եգորյանը:
Տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանն իր ելույթում ասաց, որ ինքը և մյուս իրավահաջորդները հրաժարվում են մասնակցել դատական նիստին. «Մենք շատ վրդովված ու ջղայնացած ենք, մենք դադարեցնում ենք մեր մասնակցությունը այս անբովանդակ միջոցառմանը և մեր հետագա քայլերը կտեսնեք ինչ կլինի, այսքան բան ենք ուզում ասել, ոչ ավել»:
Տուժողների իրավահաջորդներից մյուսն ասաց, որ իրենք չեն ցանկանում մասնակցել դատական պրոցեսին, քանի որ իր կարծիքով՝ «դատավարություն» գոյություն չունի։
«Մենք ականատես ենք լինում միայն էժանագին թատրոնի և դուք նույնպես: Մենք չենք դուրս եկել իշխանության դեմ, այլ իր նշանակած մարդկանց դեմ, որոնք անգործության են մատնվել: Ես ակնկալիք չունեմ ո՛չ գլխավոր դատախազից, ո՛չ էլ որևիցե մեկից»,- ասաց նա:
