Поиск

ՈՎ Է ԴԵՄ, ՈՎ ԿՈՂՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԻՆ


Իշխանությունը, ինչպես հայտնի է, պատրաստվում է ստեղծել գերագույն դատարան՝ սահմանադրական եւ վճռաբեկ դատարանների միավորմամբ։ Իրավաբանների, սահմանադրագետների, փորձագետների մի մասը իշխանության այս հերթական գաղափարը (բարեփոխում է, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը) որեւէ ողբերգություն չեն համարում, սակայն ոմանք կտրականապես դեմ են, մյուս մասը, որոշակի վերապահումներով, կողմ։ Նրանց մի հատվածն էլ առայժմ վաղաժամ է համարում կարծիք հայտնելը, քանի դեռ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կոնկրետ հայեցակարգը չի ներկայացրել, եւ գերագույն դատարանի բովանդակությունն անհայտ է։


Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը, օրինակ, դեմերից է ու թեեւ ասաց, որ հարցազրույցներ չի տալիս, բայց հարցին, թե լա՞վ միտք է, պատասխանեց․ «Ո՞նց կարող է լավ միտք լինել։ Չէ»։ ՍԴ նախկին անդամը միայն մի բան ասաց՝ որպես հիմնավորում․ «Սահմանադրական դատարանն աշխարհով մեկ կայացած, ճանաչված կառույց է, որն ունի իր հստակ խնդիրները։ Եվ այդ հեղինակությունն ուղղակի չի կարելի կորցնել։ Էդքան բան»։    ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն ասում է․ «Ինձ թվում է՝ ամենակարեւորը, թե ովքեր են համալրելու դատական համակարգում նոր պաշտոնները։ Այ, սենց եմ վերաբերվում այդ գաղափարին»։ Այսինքն՝ գերագույն դատարանում որակյալ կադրե՞ր պետք է լինեն։ «Կադրեր։ Кадры решают все։ Լինեն որակյալ, անկախ կադրեր՝ մարդկային, մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված, կլինի առանձին դատարան՝ գերագույն, որտեղ մարդիկ կծառայեն մեր քաղաքացիներին եւ արդարադատությանը»։ 

Հարցին, թե շիլաշփոթ չի՞ առաջանա, հաշվի առնելով այն, որ առաջին ատյանի դատավորները պետք է որոշեն, թե որ օրենքն է սահմանադրական, եւ վերաքննիչում բողոքարկվելուց հետո, հանուն Հայաստանի Հանրապետության, կարող է նաեւ հակառակ վճիռ կայացվել։ Բարձրագույն դատական խորհրդի անդամն ասում է․ «Չեմ կարծում, որովհետեւ աշխարհի պատմությունը 2 մոդելն էլ ունի, եւ կարեւորագույնը կադրերն են։ Մենք պետք է կենտրոնանանք ճիշտ կադրային քաղաքականության վրա։ Որպեսզի ո՛չ էսօրվա իշխանություններին ծառայեն, ո՛չ ապագա, ո՛չ նախկին։ Ծառայեն քաղաքացիներին ու մեր երկրին։ Վերջ»։

Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ սկզբունքորեն համաձայն է, որ ձեւավորվի սահմանադրական արդարադատություն իրականացնող նոր մարմին, բայց ասում է, որ վաղաժամ է կարծիք հայտնելը․ տեսնենք, թե ինչ հայեցակարգ կներկայացվի։

«Էդ հայեցակարգում Գերագույն դատարանի ստեղծման պատկերն ինչպիսին կլինի, գերագույն դատարանի լիազորություններն ինչպիսին կլինեն, որ սահմանադրական մարմիններն իրավունք կունենան ձեւավորելու՝ հասկանանք ձեւավորման կարգը, լիազորությունների ամբողջական շրջանակը, նոր միայն հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել, թե արդյոք արդարացվա՞ծ է գերագույն դատարանի ստեղծումը։ Բայց որպեսզի հիմա այս հարցին պատասխան տրվի այդ համատեքստում, անհրաժեշտ է պատասխանել հետեւյալ հարցին․ ի վերջո ՍԴ-ի ու վճռաբեկի հիմնական առաքելությունը ո՞րն է։ Արդարադատություն իրականացնելը՝ ճի՞շտ է։ Հիմա՝ հարցը․ 96 թվականից գործող ՍԴ-ի ՕԳԳ-ն ու իր դերը, նրա առաքելությունը մեր հանրային կյանքում արդյոք արդարացվա՞ծ են եղել։ Արդյոք այդ դատարանը չի՞ եղել իշխանության մյուս թեւերի կցորդը ու չի արդարացրել ժամանակի իշխանությունների ցանկացած որոշում։ Արդյոք կոչվա՞ծ է եղել իր առաքելությանը»։ Նորայր Նորիկյանի խոսքով՝ կա վարկած, որ ասում են՝ բերեք փչացած ատամը վերանորոգենք։ Ինքն էլ ասում է՝ փտած ծառը լավ բերք չի տալու, եկեք ծառը կտրենք, նոր տնկի դնենք, որ ապագայում առողջ բերք ստանանք։ 

Փաստաբանի խորին համոզմամբ՝ թե՛ սահմանադրական, թե՛ վճռաբեկ դատարանը սպառել են իրենց եւ բարոյապես մաշված կառույցներ են, որոնք իրար կցմցելով՝ ոչ մի բան չի ստացվի, այս մարմինների վրա որեւէ վերականգնման աշխատանքներ չեն իրականացվի։ «Ես սկզբունքորեն կողմ եմ գերագույն դատարանի ստեղծմանը։ Բայց դա էլ ունի մի այլ վտանգ․ չստացվի՞, որ գերագույն դատարանի լիազորությունների էնպիսի ծավալ ներկայացվի, որ ունքը հանելու փոխարեն աչքն էլ հանեն։ Հետեւաբար՝ գնահատականները, կրկնում եմ, վաղ են»,- ասում է Նորիկյանը։