Поиск

1127 անձ ունի գործող դիվանագիտական անձնագիր, որից 783-ը տրվել է վերջին երկու տարում



1127 անձ ունի գործող դիվանագիտական անձնագիր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը, հավելելով, որ անձանց անունները չի կարող հրապարակվել, որովհետև ցանկը 2016 թվականից գաղտնիացվել է։

«2018թ․ մայիսից մինչ օրս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր, ինչն իր մեջ ներառում է նաև ՀՀ դիվանագետների՝ նշված ժամանակահատվածում դիվանագիտական անձնագրերի ժամկետն ավարտվելու կապակցությամբ տրամադրված նոր անձնագրերի քանակը»։

Խոսնակը նաև տեղեկացրեց, որ վերոնշյալ անձանցից 764-ին դիվանագիտական անձնագիրը տրամադրվել է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, այն է՝ ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ներգրավված անձինք, օտարերկրյա պետությունում նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներ, պետական պաշտոն զբաղեցնող և օրենքով անհատապես սահմանված այլ անձինք։

Փաստացի ստացվում է, որ 1127 անձնագրից 886-ը դիվանագետներն են, իրենց ընտանիքի անդամները, կցորդներն, ովքեր դրսում են աշխատում։ 129-ն ԱԺ պատգամավորներն են, 93-ը պետական պաշտոնյաներն են, ովքեն ունեն դիվանագիտական անձնագիր ստանալու թույլտվություն։ Նշենք, որ դիվանագիտական անձնագիր տրվում է 5 տարի ժամկետով։

««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր, ընդ որում օրենքում անհատապես չնշված, բայց բոլոր դեպքերում պետական ծառայության հետ առնչվող գործունեության բերումով: Ի դեպ՝ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավել տոկոսով նվազ է, քան եղել է մինչև 2018 թվականը»,- հավելեց Աննա Նաղդալյանը։

2018թ. մայիսից մինչ օրս ԱԳՆ-ն, ղեկավարվելով 50-րդ հոդվածով, 425 դիվանագիտական անձնագիր հայտարարել է անվավեր, փոխարենը, փաստորեն, տրվել՝ 783-ը, ինչը նոր սկանդալի առիթ է դարձել։

Հիշեցնենք, որ 2018 թվականին հրապարակվեց 254 անձանց անուն, որոնք զրկվել էին դիվանագիտական անձնագրերից։ Ցանկում էին ՀՀ երկու նախկին նախագահիների ընտանիքները՝ ողջ կազմով։ Դիվանագիտական անձնագրեր են ստացել և դրանցից զրկվել նաև նախկին նախարարներն ու նրանց կանայք, օրինակ՝ Գագիկ Բեգլարյանն ու նրա կինը, Վարդան Խաչատրյանն ու նրա կինը և այլք։

Դիվանագիտական անձնագրից զրկվել էին նաև նախկին վարչապետները, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը։ Կարապետյանի կառավարության անդամները նույնպես զրկվածների ցանկում էին։ Դիվանագիտական անձնագրից զրկվեց նաև «Ռոմա« ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

2018-ին, տեղեկության տարածվելուց ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց՝ չեղարկվել են 254 հոգու դիվանագիտական անձնագրեր, իսկ 100-ից ավելի դիվանագիտական անձնագրեր վերադարձվել են այն անձանց կողմից, ովքեր այլևս իրավունք չունեն կրել դիվանագիտական անձնագրերը:

ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են մի շարք երկրների մուտքի թույլտվություն` վիզա ստանալու պահանջից։

Աղբյուր` Փաստինֆո