Поиск

ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում. ՏԱՍՍ


Երեկ Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ տեղի ունեցած բանակցությունները ուրբաթ կշարունակվեն Մոսկվայում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով դիվանագիտական աղբյուրների հայտարարություններին։ «Ադրբեջանի արտգործնախարարի հետ բանակացությունները կշարունակվեն այսօր, սակայն Մոսկվայում։ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվա կմեկնեն»,- նշել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ Ժնևում բանակցություններն ավարտվել են 01:00-ին (Երևանի ժամանակով մոտավորապես 03։00-ին): Հինգշաբթի հղորդվել էր, որ Ժնևում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները: Ֆրանսիայի՝ ՄԱԿ-ի ժնևյան բաժանմունքին կից մշտական ներկայացուցչությունից տեղեկացրել են, որ հանդիպումն ընթացել է ՄԱԿ-ի սահմաններից դուրս՝ գաղտնի վայրում: Հանդիպումն ընթացել է փակ ձևաչափով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։


Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։


Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։