Поиск

Թուրքիայում հայտարարել են կորոնավիրուսի համավարակի երկրորդ պիկի մասին


Թուրքիայում կորոնավիրուսի համավարակը հասել է իր երկրորդ պիկին, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Համավարակը շարունակվում է՝ օրեցօր վարակման ավելի ու ավելի շատ դեպքեր կան: Մենք ապրում ենք առաջին ալիքի երկրորդ գագաթնակետը: Անկարան, Ստամբուլը, Իզմիրը, Բուրսան դեռ գտնվում են բարձր ռիսկի տիրույթում»,- լրագրողներին ասել է Կոջան:

Նա հավելել է, որ վարակի շատ նոր դեպքեր են նկատվում նաեւ երկրի արեւելյան նահանգներում՝ Գազիանտափ, Շանլըուրֆա, Մարդին, Էրզրում:

Թուրքիան չորեքշաբթի օրը հաղորդել է կորոնավիրուսի 1596 նոր դեպքի մասին, ինչը օրական ամենամեծ աճն է հունիսի 15-ից հետո: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 273 301-ի, մեկ օրվա ընթացքում մահացել է 45 մարդ, համավարակի սկզբից` 6462 մարդ: Կոջան նախօրեին ասել էր, որ Թուրքիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն օրական ավելացել է 1572-ով, մահացել է 47 հիվանդ, սա նրանց ամենամեծ թիվն է մայիսի 15-ից:

Այժմ Թուրքիայում կորոնավիրուսի վարակի ամենամեծ թիվը գրանցվում է Անկարայում, որտեղ այն կրկնակի ավել է, քան Ստամբուլում, ասել է Կոջան: «Ուստի մենք ավելի շատ աշխատում ենք Անկարայի վրա եւ սկսել ենք գործողություններ ձեռնարկել, հատկապես սոցիալական հեռավորության մասով: Որոշակի տարիքից բարձր մարդկանց մուտքը տարբեր հաստատություններ սահմանափակվել է: Բայց առայժմ օրակարգում չկան այնպիսի միջոցառումներ, ինչպիսին պարետային ժամն է»,- ասել է առողջապահության նախարարը։

Նա հավելել է, որ չի կարելի խոսել համավարակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին, բայց «որոշ նահանգներում իրավիճակը սահմանային է»: