Поиск

«ԿԱՐՈՂ Ա՞ ԴՈՒ ՀՈԳԵԿԱՆ ԵՍ». ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ԷՎՈԿԱԲԱՆԿԻՑ


Էվոկաբանկում խախտում են հասարակ աշխատակիցների իրավունքները: Նրանց  չլսված ցածր աշխատավարձեր են տալիս, վիրավորում վերջին բառերով: Այս մասին մեզ պատմեց Էվոկաբանկի արդեն նախկին մաքրուհի Սուսաննա Դավթյանը:  «Կարող ա՞ դու հոգեկան ես»,- Սուսաննա Դավթյանին ասել է Էվոկաբանկի տնտեսական մասի պատասխանատուներից Հայկ Բաբաջանյանը, այն պատճառով, որ Ս․ Դավթյանն ընդամենը հանդգնել է խնդրել, որ մետրոյով անվճար երթեւեկելու աբոնեմենտ տրամադրեն իրեն: «Բոլոր աշխատողներին տրամադրում են, ես էլ խնդրեցի, որ ինձ տան էդ ժետոնից։ Ես էնքան քիչ եմ ստանում, որ ճանապարհածախսին է ամբողջ փողը գնում»,- գանգատվում է Սուսաննան: Նրա հետ խոսել էինք անցած շաբաթ, սակայն նա խնդրեց ոչինչ չգրել, քանի որ հույս ուներ, որ բանկի տնօրինության հետ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կլուծվի: Մեկ շաբաթ սպասելուց հետո Սուսաննային ասել են, որ ազատված է աշխատանքից: 


Փաստորեն, բանկի ղեկավարությունը նրան չի ներել նման «հանդուգն» պահանջներ ներկայացնելու համար եւ որոշել է ազատել գործից: Բայց ամենասենսացիոնը Էվոկաբանկի եւ մաքրուհու կոնֆլիկտում աշխատավարձի չափն է: Սուսաննա Դավթյանի ամսական աշխատավարձը կազմել է 15 հազար դրամ:  Չհավատալով, որ Հայաստանում նման աշխատավարձեր կան, դիմեցինք բանկի տնտեսական մասի պատասխանատու Հայկ Բաբաջանյանին, որը, ըստ երեւույթին, համակարգում է տարածքի մաքրության հարցերը եւ հավաքարարների փաստացի ղեկավարն է: Բայց մեր զրույցը վերածվեց «կրուտիտների» երկար շարանի: Սուսաննան ասում է, որ ամսական 10-12 օր է մաքրել բանկի տարածքը: Իսկ Հայկ Բաբաջանյանը պնդում է։ «Սուսաննան ընդամենը 4 օր էր աշխատում՝ մի-մի ժամով: Վիրավորանք չի եղել, չի եղել, որ իրեն անհիմն մեղադրանքներ են ներկայացվում: Մենք չենք տրամադրում ոչ մեկին անվճար երթեւեկության աբոնեմենտ: Ես նրան ասել եմ, որ նրա ծախսերը կհոգամ՝ կմտնես մետրո, կասես՝ Հայկի աշխատողն եմ, դռները կբացեն, կանցնես, իսկ նա որոշեց չգալ աշխատանքի»,- ասաց Հայկ Բաբաջանյանը:

Հարցին, թե ինչու պետք է մետրոյի աշխատողները լսեն իրեն, ասաց, որ ինքը նաեւ մետրոյի մենեջերն է:  

- Սուսաննան ի՞նչ աշխատավարձ է ստացել բանկից: 

- Ի՞նչ բանկ: 

- Էվոկաբանկից: 

- Ինքն Էվոկաբանկում չի աշխատել: 

- Իսկ ի՞նչ հիմունքներով է նա մաքրել ձեր բանկի տարածքը: 

- Ավելի լավ է՝ Դուք կադրերի բաժնի հետ խոսեք, ինչ մնում է իրեն վիրավորելուն եւ այլն, նման բան չկա: 

- Դուք նրա հետ հեռախոսազրույց չե՞ք ունեցել: 

- Ես իմ բոլոր աշխատողների հետ հեռախոսազրույցներ ունենում եմ: 

- Ո՞րն է կոնֆլիկտի պատճառը: 

- Իրեն ոչ ոք չի ազատել, ինքն է ազատվել աշխատանքից: Մարդը կարա շառ անի, չէ՞։ Տենց բան չկա: Էդ մարդուն վիրավորական չի էլե: Ինքն ասել ա՝ ես չեմ ուզում աշխատեմ: Մենք ստիպողաբար չենք պահում, դա մարդու իրավունքն ա: Մարդը խնդրել ա, մենք ազատել ենք: Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչպես է պատահում, որ մեր օրերում 15 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդ կա: Կարծում ենք, հարցն այս պետք է հետաքրքրի նաեւ ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին: