Поиск

ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիջա Պեյչինովիչ-Բուրիչը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Խիստ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական սրման մասին հաղորդագրություններով: Կոչ եմ անում մեր անդամ պետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել՝ անմիջապես դադարեցնելով ռազմական գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Բուրիչը հիշեցնում է, որ Եվրախորհուրդ մտնելիս երկու երկրներն էլ պարտավորվել են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն հարգել:

«Այս դժվարին ժամանակներում իմ մտքերը խաղաղ բնակիչների հետ է, ներառյալ երեխաների, կանանց և ծերերի, ովքեր ևս մեկ անգամ իրենց ավելի խոցելի են զգում, քան երբևէ, ինչպես նաև հակամարտությունից տուժած բոլոր անձանց հետ:

Եվրախորհրդի անունից կոչ եմ անում մեր երկու անդամ պետությունների իշխանություններին՝ անել հնարավորը մարդկային կյանքը պաշտպանելու և ռազմական բախումների մեջ չմտնելու համար: Ոչ մի ջանք չպետք է խնայվի՝ սրումը կասեցնելու համար:

Այս առումով, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրենց աշխատանքում` օգնելու մեր անդամ պետություններին գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը»,- ասվում է ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: