Поиск

Ես շատ եզդի ընկերներ ունեմ, սակայն համագործակցություն որևէ եզդիական կազմակերպության կամ անձի հետ...



Ես Հայաստանում և ոչ միայն Հայաստանում ապրող շատ եզդի ընկերներ ունեմ, սակայն համագործակցության առումով այնպես է ստացվել, որ որևէ եզդիական կազմակերպության կամ եզդիի հետ համագործակցություն չկա, միգուցե հետագայում լինի, սակայն այս պահին համագործակցություն չկա ոչ հետադիմական, ոչ առաջադիմական, ոչ կոռուպցիոն, ոչ սուրբ, ոչ թավշյա եզդիական կազմակերպության հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց  «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն՝ արձագանքելով Սաշիկ Սուլթանյանի հայտարարությանը, թե իբր ինքը համագործակցում է հետադիմական հայացքներ ունեցող ու կոռուպցիայի մեջ կասկածվող եզդիների հետ: Նշենք, որ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող  Սաշիկ Սուլթանյանի հարցով այսօր «ՎԵՏՕ»-ն դիմել է ԱԱԾ:

Մալյանը մի քանի անգամ կրկնեց, որ շատ եզդի ընկերներ ունի, որոնց հետ երկար ճանապարհ է անցել, այդ ընթացքում շատ հայ ընկերներ իրեն դավաճանել են, սակայն եզդի ընկերները մինչև վերջ իր կողքին կանգնած են եղել. «Ընկերություն անելիս ես ազգերի մեջ տարբերություն չեմ դնում: Ընդ որում, իմ եզդի ընկերների մեջ կան այնպիսինները, ովքեր ընդհանրապես քաղաքականությամբ չեն զբաղվում, այնպես որ համագործակցել կամ չհամագործակցելու որևէ հարց չկա: Իմ ընկերների մեջ կա եզդի, ով 88 թվականին Վրաստանից Հայաստան եկող գնացքի պայթյունի արդյունքում հաշմանդամ է դարձել և կորցրել իր եղբորը»:

Ինչ վերաբերում է կոռումպացվածությանն, ապա Մալյանը նշեց․ «Կոռումպացված մարդը կառումպացված է, ազգությունը կապ չունի: Ըստ էության, սա սորոսականների սիրած թեման է, նրանք ունեն շեղող թեմաներ՝ երբ ինչ-որ հարց ես բարձրացնում, արագ հայտնվում են մի քանի սորոսականներ, սկսում են կամ քեզ մեղադրել գոյություն չունեցող կոռուպցիաների մեջ, կամ մեղադրում են, որ անցել ես մի մարդու կողքով, որ հնարավոր է կոռումպացված է: Այդ կերպ ուղղակի բանավեճը տեղափոխում են այլ հուն: Ես շատ ընկեներ ունեմ, բայց չունեմ սորոսական ընկերներ: Այն ընկերներս, նրանք շատ չեն, ովքեր շարունակում են հարել սորոսական թևին, ինձանից ստանում են կրկնակի անգամ ավելի դաժան վերաբերմունք, քան՝ մյուս ընկերներս»,-հավելեց Մալյանը: