Поиск

Ընտանեկան վեճ լուծող դատավորը չպետք է որոշում կայացնի այս կամ այն օրենքը հակասահմանադրական ճանա...



Դատական մասնագիտացում, թե՞ սահմանադրական արդարադատության ինստիտուցիոնալ տարրալուծում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին փոխնախարար, այժմ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին տասնամյակում ՀՀ-ն, հետեւելով համաշխարհային պրակտիկային, ընտրել է դատարանների մասնագիտացման քաղաքականությունը՝ տնտեսական դատարան (չի գործում), վարչական դատարան, սնանկության գործերով դատարան, օրակարգում է՝ հակակոռուպցիոն գործերով դատարանների ստեղծումը: Այսօրվա բարդ, բազմաշերտ եւ օրեցօր ավելացվող օրենսդրության պայմաններում որակյալ արդարադատություն ունենալու համար մասնագիտացված դատարաններն այլընտրանք չունեն:

Մինչդեռ՝ այս քաղաքականությանը հակառակ՝ գեղեցիկ, ականջ շոյող, բայց բուն հարցին չվերաբերող շաբլոնային տերմինների օգտագործմամբ (սահմանադրականացված դատարան, ուժեղ եւ անկախ դատարան, նոր գաղափարախոսություն եւ այլն) ասվում է, որ, օրինակ՝ ընտանեկան վեճ լուծող դատավորը պետք է ՈՐՈՇՈՒՄ կայացնի այս կան այն օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին:

Ինչպես սահմանադրական իրավունքի մասնագետը չի կարող որակյալ կերպով ընտանեկան վեճ լուծել, այնպես էլ (առավել եւս) ընտանեկան վեճ լուծող դատավորը չի կարող (պետք էլ չի) ՈՐՈՇԵԼ (ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՓԱՍՏԵԼ) որ օրենքը հակասում է Սահմանադրությանը:

Օրենքը հակասահմանադրական ՃԱՆԱՉԵԼԸ (ՈՐՈՇԵԼԸ) չպետք է շփոթել օրենքի սահմանադրականությունը ՍՏՈՒԳԵԼՈՒ հետ: Այսօր էլ առաջին ատյանի (վերաքննիչ) դատարանները դա անում են, իսկ հակասահմանադրականության վտանգ տեսնելու դեպքում ԴԻՄՈՒՄ ԵՆ ՍԴ (2018թ. 6 դիմում, 2019թ. 2019թ. 13 դիմում, 2020թ. այս պահի դրությամբ՝ 5 դիմում):

Այնուամենայնիվ վերը նշվածի իմաստը հասկանալու համար պետք է մի քանի նախապայման՝

Նախ՝ իրականության մեջ դատավարական որոշում ստորագրած իրավաբանը գիտակցում է այդ փաստաթղթի կայացման ծանրությունը եւ պատասխանատվությունը, պատճառաբանվածության որակը: Օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ ԴԻՄՈՒՄԸ եւ օրենքը հակասահմանադրական ճանաչելու ՈՐՈՇՈՒՄԸ էապես տարբեր են՝ պատճառաբանվածություն, պատասխանատվություն, բեկանված ակտ ունենալու վախ եւ այլն:

Թերեւս զուտ հայեցակարգեր, գիտական հոդվածներ կամ մասնավոր անձանց համար բողոքներ գրողներին համար նկարագրվածը անծանոթ հոգեբանական ապրումներ են: Այսօր՝ օրենքի հակասահմանադրականության մասին գիտական կամ կեղծ գիտական նյութ կարող է գրել նույնիսկ ոչ իրավաբանը, սակայն օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ կայացնելու ծանրության տակ կմտնեն քչերը: Ընտանեկան վեճ լուծող դատավորը, եթե հիմնավոր կասկած ունի կիրառվող նորմի սահմանադրականության վերաբերյալ, ապա ամենայն հավանականությամբ ԿԴԻՄԻ ՍԴ, բայց դատական ակտով ՈՐՈՇԵԼ որ այն հակասահմանադրական է՝ քիչ հավանական է (դա հնարավոր ակնհայտ տեքստային հակասության դեպքում, որն այսօր քիչ հանդիպող է):

Երկրորդ՝ ասվածը արժեք ունի, եթե սահմանադրական իրավունքի իմացությունը չի նույնացվում Սահմանադրության տեքստը կարդալու ու վերարտադրելու ունակության հետ. Սահմանադրության տեքստ կարդալ կարող են շատերը, այդ թվում՝ ոչ իրավաբանը, իսկ հասկանալ եւ մեկնաբանել, առավել եւս՝ որոշել (հաստատել) օրենքի հակասահմանադրականությունը՝ միայն սահմանադրաիրավական մտածողության կրողները:

Վստահեցնում եմ՝ սահմանադրական մտածողությունը եւ, օրինակ, քրեադատավարական մտածողությունը էապես տարբեր են, հիմնված են տարբեր արժեքների, սկզբունքների վրա. Այն ինչ կտեսնի սահմանադրական մտածողության կրողը, ամենայն հավանականությամբ չի տեսնի՝ դատավարական մտածողություն ունեցողը: Սահմանադրական մտածողություն ձեռք է բերվում սահմանադրական արժեքաբանության ոլորտում որակյալ կրթության եւ մշտական ինքնակրթության պայմաններում:

Սկսեք ինքնակրթվել...