Поиск

Երկարաժամկետ ճանապարհաշինություն․ Երեւան-Գյումրի ճանապարհի քանի՞ կիլոմետրն է կառուցվել 2020 թվականին



Մայրաքաղաքը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի հետ կապող Երեւան-Գյումրի ճանապարհը, որը նաեւ Վրաստան տանող միջպետական զարկերակի մաս է, արդեն երկար տարիներ է կառուցվում։ Բազմաթիվ հատվածներում երթեւեկության առավելագույն արագությունը սահմանված է 30-50 կմ՝ դարձնելով 120 կմ ճանապարհն անվերջ ճամփորդություն։ NEWS.am-ի թղթակիցը հարցում է կատարել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն պարզելու, թե ընթացիկ տարում ճանապարհի քանի կիլոմետրն է կառուցվել։

Հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ 2020 թվականին Երեւան-Աշտարակ-Թալին-Գյումրի Աշտարակ-Թալին հատվածում շինարարական աշխատանքներ չեն կատարվել։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ կապալառուն իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերությունն է, որը 2018 թվականիից դադարեցրել է շինարարական աշխատանքներն ու հեռացել Հայաստանից, 2019 թվականի հուլիսի 18-ին կապալառուն ծանուցվել էր պայմանագրի դադարեցման մասին կապալառուի կողմից բազմաթիվ խախտումների, ինչպես նաեւ անվճարունակության կապակցությամբ։ 2019 թվականի նոյեմբերին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է Առեւտրի միջազգային պալատին դիմում կապալառուի նկատմամբ դատավարության մեկնարկի մասին։ Դատավարությունն այժմ ընթացքի մեջ է։ Այժմ աշխատանքներ են տարվում ուրիշ կապալառուների մասնակցությամբ նշված հատվածի շինարարությունը վերսկսելու շուրջ։ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում 2020 թվականին լայնածավալ աշխատանքներ չեն կատարվել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով։ COVID – 19-ի տարածման եւ փակ սահմանների պատճառով «Սինոգիդրո Կորպորեյշն» ԲԲԸ չինական կապալառուի աշխատակիցները չեն կարողացել վերադառնալ Հայաստան Չինաստանից։ Այժմ խնդիրը լուծված է, եւ մի քանի օր առաջ ընկերությունը սկսել է աշխատանքը»,-հայտնել են նախարարությունից։

Գերատեսչության տվյալներով՝ 2019 թվականին ընդհանուր առմամբ 46.2 կմ ճանապարհի Թալին-Լանջիկ (18.7 կմ), Լանջիկ-Գյումրի (27.5) հատվածում կատարվել են հիմնականում հողային աշխատանքներ։ Ներկայում իրականացվել են շուրջ 75 տոկոս հողային աշխատանքներ Թալին-Լանջիկ հատվածում եւ կառուցվել են շուրջ 70 տոկոս բետոնային կոնստրուկցիաներ, իսկ Լանջիկ-Գյումրի հատվածում իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 59 տոկոսը եւ բետոնային աշխատանքների շուրջ 39 տոկոսը։

Նախարարությունից հաղորդել են, որ Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագրի շրջանակում Երեւան-Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում վերակառուցվել է Երեւան-Աշտարակ հատվածը՝ 11.4 կմ երկայնքով։ Հետագայում պետք է կառուցվի /վերակառուցվի Երեւան-Աշտարակ-Թալին-Գյումրի ճանապարհի 88 կմ հատվածը։ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածում կապալառուն «Սինոգիդրո Կորպորեյշն» չինական ընկերությունն է։

«Ճանապարհի տարբեր հատվածների կառուցման համար ծախսվել է ընդհանուր առմամբ 174.4 մլն դոլար եւ 35.6 մլն եվրո։ 2020 թվականին այդ նպատակով նախատեսվում է ծախսել շուրջ 2.2 մլն դոլար եւ 1․8 մլն եվրո։ Շինարարությունն ավարտելու համար անհրաժեշտ է 120-123 մլն դոլար եւ 43.8 մլն եվրո»,-տեղեկացրել են նախարարությունից՝ ի պատասխան հարցման։