Поиск

Աշնանը լինելու է համաճարակաբանական պրոցեսի ակտիվացում. Բժիշկ-համաճարակաբան



«Մի քանի մոդուլային պալատներ կառուցվեցին Նորքի հիվանդանոցի մոտ։ Հարցական է դրանք աշխատեցին թե ոչ, որովհետև շոգ էր, բարդ էր այդ պայմաններում աշխատել, չնայած դրանք գուցե պարզապես խոսակցություններ են»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձել է համավարակի նոր ալիքին պատրաստ լինելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանը։

«Բոլոր հիվանդանոցները պետք է պատրաստվեն կորոնավիրուսի դեմ պայքարում, ունենան բաժանմունքներ, կամ պալատներ, եթե դա հիվանդանոցների մեջ չի։ Կոնտակտավորներին պետք է հետազոտել ու հսկել, որ շղթաները կոտրեն»։

Համաճարակաբանն ասում է՝ կանխատեսել՝ ինչ զարգացում կլինի աշնանը դժվար է, չունենք նաև հստակ տվյալներ չվարակված բնակչության թվի մասին։

«Հիմա ունենք համաճարակային տեմպի նվազում։ Երբ որոշակի նախապայմաններ փոխվեն, որը կնպաստի համաճարակի զարգացմանը՝ մենք կունենանք թվերի որոշակի աճ»։

Նախապայմանները կարող են լինել և արտաքին միջավայրի, եղանակային պայմանների փոփոխությունը, որը կստիպի մարդկանց ավելի երկար տանը մնալ, պատուհանները փակել, չօդափոխել սենյակը, գյուղերում դաշտային աշխատանքները կավարտվեն և այլն։

«Այս ամենը կարող է ազդել, որ համաճարակը սկսի նորից զարգանալ»,- ասաց Հովհաննիսյանը, որը գործընկերների հետ աշխատանքային խումբ է ստեղծել՝ Ուսումնասիրում են հակահամաճարակային բոլոր միջոցառումները, ռազմավարությունը և քաղաքականությունը և շուտով կհրապարակեն եզրակացությունը։

«Կարող ենք ասել, որ հստակ լինելու է համաճարակաբանական պրոցեսի ակտիվացում, լինելու է դա աշնանը։ Իսկ չափը կախված է լինելու, թե արդեն իսկ ինչքան բնակչություն է ընդգրկվել համաճարակի մեջ՝ որքանն են արդեն վարակվել և ապաքինվել։ Մարդկանց պետք է հետազոտել, հասկանալ հակամարմիններ ունեն-չունեն և հարցումներ կատարել։ Պարտադիր բայց մեծ աշխատանք է։ Այն, ինչ որ ասում է նախարարը, որ մենք պատրաստ ենք երկրորդ ալիքին, ինքը խոսում է մահճակալային ֆոնդի մասին, այսինքն` ինքը պատրաստ է միայն հիվանդ բուժելու և արձանագրելու»։

Համաճարակաբանը վստահեցրեց, որ ակտիվացմանը պետք է սկսել նախապատրաստվել այսօրվանից՝ սկսելով կանխարգելել դեպքերը, համաճարակաբանական շղթաները հայտնաբերել։

«Եթե 10-15 կոնտակտավորների հետազոտենք, գոնե օրական 3000-4000 հետազոտություն անեինք և բոլոր շղթաները կտրտեինք, մենք սեպտեմբերի վերջին կունենայինք հատուկենտ դեպքեր և ավելի հանգիստ կմտնեինք սեզոնային ավելացող պրոցեսի մեջ»։

Աղբյուր` Փաստինֆո