Поиск

ՍԱՂ ԼՌԱԾ ԵՆ, ՍԱՂ ԷԼ ՏԱԿԱՆՔ ԵՆ․ ՀԿ-ՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ


Միջազգային հանրությանը, հասարակական կազմակերպություններին Ադրբեջանի սկսած ագրեսիայի,  կատարած գործողությունների մասին տեղեկատվություն հասցնելու համար Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները դրսում գտնվող իրենց գործընկերներին նամակներ են ուղարկել։

Մասնավորապես, «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մեզ հայտնեց, որ իրենք միացել են այն հայտարարությանը, որով ՀԿ-ները դիմել են միջազգային կազմակերպություններին։

Նա, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հույս հայտնեց, որ կհաղթենք։ Խաղաղապահների տեղակայման մասին էլ ասաց, որ այս պայմաններում դա անհրաժեշտություն է․ «26 տարի առաջին պատերազմից հետո անցավ, այս պատերազմը ցույց տվեց, որ խաղաղապահներ պետք է լինեն, լուրջ մանդատով խաղաղապահների մասին է խոսքը, որ թույլ չտան կոնֆլիկտի վերսկսումը»։ Հոկտանյանը նաեւ նշեց, որ մի խնդիր կա՝ խաղաղապահների կազմը եւ տեղակայումը․ «Թուրքիայի ներգրավվածությունը կապում եմ դրա հետ, որ իրենք էլ ցանկություն ունեն, իսկ դա շատ տհաճ բան կլինի, որ իրենք էլ ներգրավվեն որպես խաղաղապահ։ Թուրքիայի մուտքն այդ տարածաշրջան շատ տհաճ կլինի։ Հարձակումը կանգնեցնեն, իսկ արդյոք կստացվի՞ հակահարձակման անցնել եւ նոր տարածքներ վերցնել, դժվարանում եմ ասել»։

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունն էլ է աշխատել այդ ուղղությամբ։ «Ես անձամբ մարդու իրավունքի մեր պաշտպանի զեկույցը՝ ուղղված միջազգային կազմակերպություններին, ուղարկել եմ հնարավորինս բոլորին՝ առանց որեւէ մեկնաբանության ու վերջ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԿ ղեկավար Սուսաննա Թադեւոսյանը՝ անդրադառնալով պատերազմական իրադարձությունները միջազգային կառույցներում բարձրաձայնելու հարցին։ Նա նշեց, որ դեռեւս արձագանք չի ստացել․ «Բացարձակապես, որի համար շատ ցավում եմ, սաղ էլ լռած են, սաղ էլ տականք են, սաղ էլ ծախու են»։ Հարցին, թե Արցախից եկած երեխաներով իրենց ՀԿ-ն զբաղվո՞ւմ է, պատասխանեց․ «Երկու երեխա անձամբ իմ տանն են մնում, որից մեկի քավորն իմ տղան է։ Երեխաներից մեկի հայրը հրամանատար է եւ Արցախի առաջնագծում է։ Երեխաներին ես եմ պահում, մաման էլ Ստեփանակերտի հոսպիտալում է բուժքույր։ Երեխեք կան, որ տանում ենք դպրոց, զարգացման կենտրոն»։

ՀԿ տնօրենը նշեց, որ այս օրերին փորձել են դիմել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ այդ երեխաների կրթության հարցը լուծելու համար, սակայն անօգուտ է եղել․ «Որեւէ արձագանք չեղավ, բացառությամբ այն բանին, որ երեկ ընդամենն ասել են, որ իրենց միջոցով լինի՝ ՀԿ-ները չմտնեն։ Ես դա ողջունում եմ, պետք է կազմակերպված լինի։ Ու մենք սպասեցինք, բայց երեխեքն արդեն դպրոցում են»։

Նա նաեւ հավելեց՝ դժվարին այս օրերին ավելացել են աղանդները, ինքը պատրաստվում է կապի դուրս գալ հոգեւորականներից մեկի հետ․ «Կարո՞ղ է այդ աղանդներն օդից ընկան, սա էլ հերթական ակտիվացումն է։ Արդեն պետք է մտածել։ Ես մի բան էլ ունեմ ասելու․ խնդրում եմ՝ ակտուալացնել այդ հարցը, մեր երեխեքի արյունն է թափվում, մեր Երեւանի սրտի մեջ հրեական հուշարձան է դրված, որտեղ գրված է՝ հայ եւ հրեա ժողովրդի եղեռնի զոհեր եւ ոչ թե ցեղասպանության, իսկ եբրայերենով գրված է՝ Հոլոքոստի զոհերի հիշատակին։ Ու մենք բոլորս նորմալ չենք կարդացել, թե ինչ է գրված»։