Поиск

Հոգեբանական աջակցության կարիք ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար կգործի «թեժ գիծ»


Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ, հոգեբանական աջակցության ծառայություններ է կազմակերպում այն երեխաների համար, որոնք կունենան դրա կարիքը։ Նախարարությունը տեղեկացնում է, որ գործընթացում կներգրավվեն նաև դպրոցների հոգեբանները՝ ուսումնական հաստատությունում այդ մասնագետի առկայության դեպքում։

«Այդ նպատակով կգործի նաև անվճար թեժ գիծ՝ 08-0001-007՝ խոցելի խմբերում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին արագ արձագանքելու, ուղղորդելու կամ հոգեբանական ծառայություն տրամադրելու նպատակով: Վերոնշյալ «թեժ գիծ»-ը գործում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցության ծրագրի շրջանակում, որն իրականացնում էր Մանկական զարգացման հիմնադրամը, և նախատեսված էր արտակարգ իրավիճակով պայմանավորված հոգեբանական աջակցություն տրամադրելու համար»,-նշված է հայտարարության մեջ: