Поиск

Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադար է հաստատվել


Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատվում է հրադադար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկությունը լրացվում է: Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը. Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի և ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածության համաձայն՝ կողմերը համաձայնել են հետևյալ քայլերին.

  1. 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան:

  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ։

  3. Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով:

  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել էր Մոսկվա` հումանիտար հրադադարի շուրջ բանակցությունների նպատակով, որպեսզի հակամարտող կողմերը հնարավորություն ունենան փոխանակելու գերիներին և զոհվածների մարմինները: