Поиск

«Թե չէ`հուշարձան է. մեկի սրտով կլինի, մյուսի` ոչ». Լիզա Ճաղարյան



Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1–ի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձանը կարող է մեկին դուր գալ, մյուսին` ոչ։ Ինչպես որ` ցանկացած ստեղծագործություն։

     Ինձ հուսահատեցնում են անբովանդակ ինքնավստահները ու մինչ օրս սոցռեալիզմի փեշերից համառ տոկունությամբ կախվածները։

     Մեկնաբանությունների գերակշռող մասն ինձ տանում են էէէէն ժամանակները, երբ դերասանից, օրինակ, պահանջվում էր, որ հուզմունք արտահայտելու համար երեք քայլ առաջ գնա, անպայմա՛ն երեք քայլ, աջ ձեռքը դնի ձախ կրծքին, ձախ ձեռքն էլ` ճակատին, ու աղեկեզ ճչա` աաաաաաաաաախ–վաաաաաախ։ Իսկ եթե զարմանում է, երեք քայլ հետ գնա, աչքերը մի լաաաավ չռի, բերանն էլ կես մետր բացի ու ասի` վըիիիիիիի։

     Մենք եթե վշտահար ենք, ուրեմն պետք է այնպես ողբանք, որ ձայնը գնա բազմի Արագածի սեգ կատարին։ Եթե ուրախ ենք, հրավառության գմփգմփոցներով պետք է բոլորին քնից հանենք ու սարսափահար անենք։ Եթե հուշարձանը թափված արյան մասին է, բա ու՞ր է էն սրտակեղեք կարմիր գույնը, ո՞ւր են զոհերի հոշոտված մարմինները, ինչի՞ մեծ–մեծ տառերով գրված չի` սև հագիր, սևսիրտ մարե...

     Մենք ասում ենք` խորհրդանիշ, բայց այդ բառի իմաստը չգիտենք։ Մենք հնդկական կինո ենք ուզում ամենուր, ավելի պարզ` թամաշա։ Մենք չենք ուզում դուրս գալ մեզ 70 տարի պարտադրված շրջանակի միջից, չենք ուզում ազատ շնչել, չենք կարողանում։ Մենք չենք ուզում սխալվել։ Մենք չենք հասկանում, որ սխալվելով, փորձելով ես հասնում էնտեղ, որտեղ ձգտում ես հասնել։

     Մենք գրում ենք ու գրում, գրում ենք ու գրում և վաղուց մոռացել ենք, որ ասելիքը գրելով չի ստեղծվում, այլ` գրել–ջնջելով։

     Մենք ամեն օր խեղդվում ենք ճռճռան մակդիրների ու աղեկտուր ձայնարկությունների հորձանուտում։

     Մենք աշխարհի հետ համընթաց չենք քայլում։

     Մենք «հայեցիավարի» ենք առաջ «էթում»։ Հանկարծ օրական տասն անգամ եթե չկրկնենք, որ հայ ենք ու հայրենասեր, մեկ էլ տեսար` ալբանացի դարձանք։

     Եթե մեջքդ հաճախակի ծռելուց ողնաշարդ չի կոտրվել, ինչի՞ց ես վախենում։

     Մենք կասկածել չենք սիրում, մենք վստահ ենք, որ ամեն ինչ գիտենք ու սովորել չենք ուզում։ Սովորել` ամե՛ն օր։

     Մենք յոթ սարուձոր հեռու ենք լռությունն զգալու ու գնահատելու ունակությունից։

     Ու սա սարսափելի է։

     Թե չէ` հուշարձան է. մեկի սրտով կլինի, մյուսի` ոչ»։