Поиск

ՄԻՆՉԵՒ 2021-Ի ՀՈՒՆՎԱՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԵՐԿԻՐ Է ԿԱՐԱՆՏԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ԵՒ ԱՅԴ ...


Դեպի Ռուսաստան ձգտող հայ քաղաքացիներն արդեն հուսահատության եզրին են եւ անգամ հացադուլ են անում կառավարության շենքի դիմաց՝ երեխաներով, վերմակ-դոշակով, պաստառներով` хочу в Россию: Մեր հայրենակիցները հայտարարում են, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որի համար Ռուսաստանն իր սահմանները չի բացում։ Պատճառների ու պատճառահետեւանքային կապերի մասին զրուցել ենք ռուսաստանցի լրագրող եւ վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ։ Նրա մեկնաբանությամբ՝ ՌԴ-ն մեկ բացառություն է արել՝ Բելառուսի համար։ «Շատ կարեւոր է, եւ կարծում եմ՝ անհատական բանակցություններ ընթանում են ոչ թե ԵԱՏՄ շրջանակներում, այլ՝ երկկողմ մակարդակով, կոնկրետ՝ յուրաքանչյուր երկրի հետ։ Եվ նաեւ ինձ թվում է՝ ճիշտ չէ միանշանակ ասել, որ ԵԱՏՄ երկրների հետ բոլոր խնդիրները մինչեւ վերջ լուծված են»,- ասաց Վադիմ Դուբնովը։ 


Ամեն դեպքում, փաստ է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները երեկվանից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Նշված պետությունների քաղաքացիներին եւ նրանց, ովքեր այդ երկրներում կացության կարգավիճակ ունեն, թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան՝ օդային ճանապարհով։ Ռուսաստանցիներն իրենց հերթին կարող են անարգել թռչել այդ երկրներ։ Թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ։ Սեպտեմբերի 21-ից պետք է վերսկսվեր ավիահաղորդակցությունը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) եւ Բելառուսի (Մինսկ) հետ: 

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը մեզ հետ զրույցում այս կապակցությամբ ասաց․ «Սա երկկողմ հարաբերությունների կարգավորման խնդիր է։ Եվ այդ հարցին պետք է պատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ Նկատեցինք, որ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ հայտարարել են, թե իրենցից որեւէ բան կախված չէ, այլ ՌԴ-ից է կախված, ինչին ի պատասխան Կոլերովը բացականչեց․ «Այո, Ռուսաստանը վատն է, շա՜տ վատն է, բայց ո՞վ է կարանտինը երկարաձգել Հայաստանում մինչեւ 2021 թ․ հունվարը՝ Ռուսաստա՞նը։ Ղրղզստանը սա չի արել, Բելառուսը՝ նույնպես։ Առհասարակ, մինչեւ 2021-ի հունվարը աշխարհում միայն մեկ երկիր է կարանտին հայտարարել, եւ այդ երկիրը Հայաստանն է։ Կորոնավիրուսային չեմպիոնը․․․ ինչո՞ւ Եվրոպայի, աշխարհի...»։ Հիշեցնենք, որ օգոստոսը Հայաստանը փակեց կորոնավիրուսային հետեւյալ վիճակագրությամբ․ 100 հազար մարդուն ընկած դեպքերի թվով ՝1490․16, եւ մենք առաջինն էինք Եվրոպայում։ Երրորդ տեղում Իսպանիան է, իսկ 5-րդում՝ կարանտին առհասարակ չհայտարարած Շվեդիան։ 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, թե նորմալ է, որ Ռուսաստանը կարող է զգուշանալ ու փորձել իրեն ապահովագրել ավելորդ գլխացավանքից, եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարը միանգամից 4 ամսով երկրում կարանտին է հայտարարում։ «Նշանակում է՝ ինքը համավարակի վիճակը գնահատում է շատ լուրջ ու ծանր։ Այսինքն՝ ասում է, որ մեզ մոտ՝ Հայաստանում, նման ծանր խնդիր կա, կնշանակի՝ մյուսներն էլ պետք է դրանից մտահոգվեն ու մտածեն՝ արժե՞ այս երկրից քաղաքացիներ բերենք, նորից գլխացավանքի մեջ ընկնենք»,- ասաց Դեմկուսի նախագահը։ Ավելին, նա չի բացառում, որ հենց ՀՀ իշխանությունները շահագրգռված լինեն փակ սահմաններով, որպեսզի այստեղից արտագաղթի հզոր ալիք չլինի՝ հասկանալով, որ արդեն իսկ կա իշխանությունից շատ մեծ դժգոհություն։ Մենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեցինք ճշտել, թե Հայաստանի կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկելու՝ այս մարդկանց խնդիրը լուծելու համար։

Ստացված պատասխանը նույնաբովանդակ է․ «Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում օտարերկրացիների մուտքի սահմանափակման վերաբերյալ որոշումների կայացումը բացառապես տվյալ երկրի իրավասության դաշտում է, եւ, ինչպես արդեն նշել ենք, դրանք պայմանավորված չեն երկկողմ հարաբերություններով կամ փոխադարձության սկզբունքով: Այդ մեխանիզմների ներդրումը պայմանավորված է բացառապես հակահամավարակային ներպետական ծրագրերով ու համալիր միջոցառումներով, համավարակի դեմ պայքարի արդյունավետությամբ, առողջապահական համակարգի կարողություններով: Պետք է նշենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ ողջ աշխարհում է ստեղծվել աննախադեպ արտակարգ իրադրություն, որը ենթակա է պարբերական փոփոխության, եւ որի հասցեագրման ուղղությամբ մեխանիզմները մշակվել եւ ներդրվել են նորովի: Խնդրի լուծումը մեծապես կախված է համաճարակային ընթացիկ վիճակի կայունացման դինամիկայից»։

Ինչ վերաբերում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներին՝ կառավարությունը շարունակում է «ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել ինչպես ՀՀ-ՌԴ միջեւ կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ Այս առումով աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով: Հարցը քննարկվում է նաեւ ԵԱՏՄ հարթակում՝ համապատասխան գերատեսչությունների միջեւ»: ԱԳՆ-ն նշում է նաեւ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ, իրականացվում է երկու երկրների համաճարակային իրադրության վերաբերյալ օպերատիվ վիճակագրության ամենօրյա փոխանակում: