Поиск

Տարվա լավագույններին ընտրելու նոր կարգ՝ ԿԳՄՍՆ-ից

Կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տարվա լավագույնները» նոր կարգի նախագիծը, որով առաջարկվում է ամբողջությամբ փոխել նախկին լավագույն ուսուցիչ, լավագույն տնօրեն, լավագույն դաստիարակ և ոլորտի այլ աշխատակիցներ ընտրելու ընթացակարգը։

Առաջարկվող նոր նախագածում ևս կարևորվում է ոլորտի աշխատակիցներին խրախուսելու քաղաքականությունը, միաժամանակ առաջնային տեղ է տրվում նաև ստեղծարարությանը, համագործակցությանն ու նորարարությանը։

Այդ նպատակով փոփոխվել է տարվա լավագույններին ճանաչելու մեթոդաբանությունը. գնահատվելու և ընտրվելու են ծրագրային լավագույն առաջարկները տարբեր անվանակարգերում։

Առաջարկվող ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ ուսուցիչները, տնօրենները և ուսումնական հաստատությունների մյուս աշխատակիցները կկարողանան ներկայացնել խմբային հայտեր՝ խթանելով նաև համատեղ աշխատանքի և համագործակցային արդյունք ունենալու պայմանների զարգացումը։ Ըստ այդմ` մրցույթին կարող են մասնակցել`

  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը և/կամ ուսուցիչները, նախադպրոցական հաստատության դաստիարակը և կամ դաստիարակները,

  • հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը և/կամ տնօրենները,

  • հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցը և/կամ աշխատակիցները։

Խմբերի համար մրցույթը կազմակերպվում է հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության ուսուցչական, կառավարման, ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրերի կամ նախաձեռնությունների համար` առանձին անվանակարգերով: Մրցույթի մասնակիցը պետք է ունենա առնվազն 2 տարվա գործունեության փորձ, ներկայացված ծրագիրը պետք է ներառված չլինի նախորդ տարիներին անցկացված մրցույթներում պարգևատրված ծրագրերի ցանկում:

Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես առանձին մասնակցի անհատական ծրագիրը, այնպես էլ համատեղ ծրագիր` առավելագույնը 3 անդամից բաղկացած խմբի կողմից: Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

Մրցույթը կազմակերպում և անցկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` տարեկան առնվազն մեկ անգամ: Հայտարարությունը կհրապարակվի նախարարության պաշտոնական կայքում` ներառելով տեղեկատվություն մրցույթի փուլերի, ժամկետների, մասնակցության պայմանների, չափանիշների և անվանակարգերի վերաբերյալ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կազմավորվում է մրցութային հանձնաժողով՝ բաղկացած ինը հոգուց, այդ թվում՝ երեք ներկայացուցիչ նախարարությունից, երկու ներկայացուցիչ մանկավարժական բուհերից, երկու ներկայացուցիչ ուսուցչական կազմակերպություններից, երկու ներկայացուցիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդից։ Հանձնաժողովը կազմավորվում է մրցույթի հայտարարության հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ։

Մրցույթն անցկացվում է երեք փուլով՝ ծրագրային առաջարկների ընդունում, գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում, պարգևատրում։

Առաջարկվող լուծումները նպատակ ունեն խթանել տնօրենների, ուսուցիչների, հաստատությունում ներգրավված այլ մասնագետների կողմից նոր ծրագրերի իրականացումը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը, առավել արդյունավետ աշխատանքային մեթոդների և գործիքների ներդնումն ու կիրառումը, հաջողված փորձի տարածումը:

ԿԳՄՍՆ


©2020 Լուր ԱյսՕր.