Поиск

Պատրաստվում եմ պարտավորեցման հայցադիմում ներկայացնել ընդդեմ ԿԳՄՍ նախախարի, որ վերջինս դպրոցներում...


Պատրաստվում եմ պարտավորեցման հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան, որ դատարանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պարտավորեցնի դպրոցներում աշակերտների դիմակ կրելու վերաբերյալ հարցմանը հստակ պատասխաններ տալ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վլադիմիր Գաբրիելյանը՝ նշելով, թե հարցումն ուղարկել էր օգոստոսի 24-ին։


«Հարցմամբ խնդրել էի տրամադրել մի քանի հստակ հարցերի պատասխաններ՝ երեխաների՝ դիմակ կրելու պարտադիր պահանջի, դրա իրավական հիմքերի վերաբերյալ, սակայն ստացել եմ ոչինչ չասող պատասխաններ։ Հինգ հարցադրումներիցս որևէ մեկին պատասխան չի տրվել»,-ասաց Գաբրիելյանը՝ նշելով, թե հայցադիմումը պատրաստ կլինի մի քանի օրվա ընթացքում։

Նրա խոսքով՝ թեև դպրոցներում դասապրոցեսը մեկնարկել է, սակայն ծնողները դեռևս չունեն մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։


Նշենք, որ փաստաբանը ԿԳՄՍ նախարարին էր ուղարկել հետևյալ հարցադրումները․

·       որքանո՞վ է իրավաչափ դպրոցներում 7-11 տարեկան երեխաների դիմակ կրելու պահանջի վերաբերյալ կայացված որոշումը, ո՞րն է դրա իրավական հիմքը,

·       արդյոք այդ որոշման հիմքում դրվե՞լ է որևէ բժշկական եզրակացություն (օրինակ՝ քանի ժամ անընդմեջ երեխան կարող է կրել դիմակ), եթե այո, ո՞ր բժշկական հաստատության կողմից,

·       անչափահասի կողմից դիմակ կրելու պահանջի չկատարումը ի՞նչ հետևանքներ (պատասխանատվության ինչպիսի միջոցներ) կարող է առաջացնել, ո՞վ է ենթակա պատասխանատվության անչափահասի կողմից դիմակ չկրելու պահանջի խախտման համար,

·       ինչպե՞ս է կազմակերպվելու երեխայի կրթական հետագա գործընթացը վերջինիս կողմից դիմակ կրելու պահանջը չկատարելու դեպքում,

·       արդյո՞ք երեխայի կողմից դիմակ կրելը չի առաջացնի առավել վտանգավոր առողջական խնդիրներ երեխայի համար։