Поиск

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԿՀԱՅՏՆՎԻ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ


Ռոբերտ Քոչարյանի թիմը շարունակում է աշխատել։ Մինչեւ հոկտեմբերի վերջն ակտիվ լրատվական գործունեություն են նախատեսում։ Նախ, պետք է հրապարակեն Սեւանում երիտասարդների հետ հանդիպման մանրամասները, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել, պատասխանել երիտասարդների հարցերին։ Հրապարակվելու է նաեւ տնտեսական լրագրողների հետ զրույցից մի հատված, որի մի մասը հրապարակվել է, մյուս մասը կհրապարակվի առաջիկայում։

Ռոբերտ Քոչարյանը նաեւ առաջիկայում հյուրընկալվելու է Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդաշարին՝ նախընտրելի օրն են քննարկում։ Ինչ վերաբերում է քաղաքական ակտիվությանը եւ հրապարակային միջոցառումներին, դրանք կիրականացվեն այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ՝ այժմ ֆորմատներն են քննարկվում։


Չնայած ակտիվ լուրեր են շրջանառվում, որ ՀՀ երկրորդ նախագահը նաեւ կուսակցություն է ձեւավորում, սակայն, մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն անձամբ դեմ է նոր կուսակցություն ստեղծելուն, նա քաղաքական շարժում ձեւավորելու կողմնակից է։ Եվ կարծում է, որ ինքը կարող է քաղաքական գործունեություն ծավալել բացառապես որպես պետական գործիչ, այլ ոչ թե կուսակցական։