Поиск

ԿՈՐՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ՝ ՈՉԻՆՉ ՉԱՆՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Ազգային ժողովում, հատկապես «Իմ քայլը» խմբակցությունում, պատգամավորներ կան, որոնք խորհրդարանում հայտնվել են բացառապես բախտի բերմամբ՝ լրիվ պատահական։ Ու անհայտ է, թե որն է նրանց էքզիստենցիալ գոյության իմաստն ԱԺ-ում, պատգամավոր են դարձել, որ ի՞նչ անեն՝ բացի կոճակ սեղմելուց։ Կարեւորը մանդատն է, աշխատավարձը, կարգավիճակն ու պարգեւավճարը, մնացածը նրանց չի հետաքրքրում՝ երկիրը կքանդվի՞, թե՞ կշենանա։

Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ենք ստանում որոշ պատգամավորների գործունեությունից, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ միջանցքներում ճեմելուց։ Քանզի բացի ճեմելուց ու կոճակ սեղմելուց, ուրիշ բանով աչքի չեն ընկել։ Ու դա՝ արդեն երկու տարի։ Այդպիսի պատգամավորներից մեկը Կորյուն Մկրտչյանն է, ում անունը, բնականաբար, որեւէ մեկին ոչինչ չի ասի։ Նա, ի դեպ, ՔՊ-ից չէ, այլ ՔՊ-ի հետ դաշինք կազմած «Առաքելություն» կուսակցությունից, որի կազմից 2 անդամ մանդատ է ստացել՝ մեկը Արտաշես Պետրոսյան անունով մի գործարար է, մյուսը՝ Կորյուն Մկրտչյանը։ Թերեւս պատահական չէ նաեւ, որ Մկրտչյանն ԱԺ-ի ամենապարապ ու անիմաստ հանձնաժողովի՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Մեր ջանքերը՝ այս պատգամավորի հետ հարցազրույց անելու, որ հասկանանք, թե ինչ է մտածում այս կամ այն հարցի շուրջ, ինչու որեւէ նախաձեռնությամբ, ելույթով հանդես չի գալիս, անցան ապարդյուն։


Մի անգամ նա մեզ երկար-բարակ խնդրում-համոզում էր, որ անջատենք ձայնագրիչը, որովհետեւ ինքը հարցազրույցի համար պետք է պատրաստվի, տրամադրվի։ Երեկ մի փորձ էլ արեցինք՝ մի քանի հարց ուղղելու, բայց ասաց, որ չի ցանկանում այդ պահին խոսել։ Իսկ երբ տեսավ միացրած ձայնագրիչը, ուղղակի դարձավ ձայնազուրկ ու շտապ ճողոպրեց, որ հանկարծ ստիպված չլինի որեւէ բառ ասել, ու հանրությունը հանկարծ իմանա, որ նա խոսել, անգամ հարցերին պատասխանել գիտի։ Բայց այս հոդվածը կարող է նաեւ օգտակար լինել նրա համար՝ հանրությունը գոնե կիմանա նրա անունը ու կտեղեկանա, որ այս դեմքով ու անունով պատգամավոր էլ կա ԱԺ-ում՝ իր ընտրածների մեջ։